Սիրիայի քրդական ուժերը կուզենային որոշակի հայտարարի գալ Ասադի ռեժիմի հետ. Times-ի անդրադարձը

12:15 • 10.01.18

Բրիտանական հեղինակավոր Times պարբերականը զրուցել է Սիրիայի հյուսիսում գործող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման հրամանատարներից Աբդուլ Քադիր Աֆֆեդիլիի հետ, որը մեծ դեր է ունեցել հատկապես վերջին ամիսներին Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների մասնակցությամբ իրականացված գործողություններին:

Աֆֆեդիլին պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ քուրդ զինյալներն իրենց հսկողության տակ են պահում երկրի շուրջ 25 տոկոսը, ինչպես նաև իրենց շարքերում ունեն ավելի քան 50.000 զինյալներ:

Իրենց ենթակայության տակ գտնվող հողային տարածքները քուրդ հրամանատարն անվանել է «ազատագրված» և նշել, որ դա նրանց հաջողվել է ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի հետ համատեղ պայքարի արդյունքում:

«Թուրքիան, Իրանն ու Ասադի ռեժիմը պետք է որ շատ երջանիկ լինեն, եթե կարողանան խլել մեզանից այն ամենն, ինչ մեր ենթակայության տակ ենք առել այս ընթացքում, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», - ասել է քուրդ հրամանատարը:

Նա նաև շեշտել է, որ քրդական ուժերը կուզենային որոշակի հայտարարի գալ Ասադի ռեժիմի հետ, սակայն եթե դա նրանց չհաջողվի՝ կշարունակեն պայքարել:

Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ «դավաճան» էր անվանել Սիրիայի հյուսիսում կռվող զինված քրդական ջոկատներին՝ շեշտելով, որ նրանք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից: