ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին վերսկսել անօրինական ներգաղթյալների պաշտպանության ծրագիրը

11:08 • 10.01.18

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ժամանակավորապես վերսկսել անչափահաս տարիքում ԱՄՆ մուտք գործած անօրինական ներգաղթյալներին արտաքսումից պաշտպանելու ծրագիրը (Deferred Action for Childhood Arrivals, DACA): Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:


2017 թվականին Թրամփի վարչակազմը հայտարարել է DACA ծրագիրը դադարեցնելու որոշման մասին: ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսն այդ ժամանակ այն անվանել է իմիգրացիոն օրենսդրության դրույթների շրջանցում՝ հայտնելով, որ DACA-ի դադարեցման գործընթացը կես տարի կտևի: ԱՄՆ կոնգրեսին առաջարկվել է այդ ժամանակահատվածում ծրագրի այլընտրանք մշակել: Դրանից հետո տասնյակ նահանգներ դատարան են դիմել՝ պահանջելով DACA-ի դադարեցումն անվավեր ճանաչել, քանի որ, նրանց խոսքով, այդ քայլը խախտում է ներգաղթյալների օրինական իրավունքները:


Հունվարի 9-ին դատավոր Ուիլյամ Ալսապը վճռել է, որ ծրագիրը պետք է մնա ուժի մեջ մինչև այդ գործի վերաբերյալ դատական գործընթացի ավարտը: Որոշման համաձայն՝ DACA-ն պետք է վերսկսվի և իրականացվի նույն պայմաններում, որոնցով այն իրականացվում էր մինչ սեպտեմբերին դրա դադարեցումը:


Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին սահմանված DACA-ն տարածվում էր այն օտարերկրացիների վրա, որոնք գտնվում են ամերիկյան տարածքում անօրինակա կերպով և որոնք եղել են 31 տարեկանից ցածր 2012 թվականի հունիսի դրությամբ: Ծրագիրը վերաբերում է այն օտարերկրացիներին, ովքեր 16 տարեկանից ցածր են եղել Միացյալ Նահանգներ մուտքի պահին և երկրում են ապրել 2007 թվականի հունիսից:


DACA-ն թույլ է տվել մոտ 800 հազար օտարերկրացու օրինական կերպով խուսափել արտաքսումից: