United Airlines-ի օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել՝ զուգարանների խցանման պատճառով

11:38 • 17.01.18

Ամերիկյան United Airlines ավիաընկերության Դենվերից Հավայան կղզիներ ուղևորվող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում՝ զուգարանների խցանման պատճառով, այս մասին հայտնում է Fox News-ը:

Հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել փոխել ինքնաթիռը, ինչի հետևանքով ուղևորները ստիպված են եղել սպասել հավելյալ 8 ժամ:

Հայտնի է դարձել, որ օդ բարձրանալուց առաջ՝ Դենվերում, օդանավը չի ենթարկվել պատշաճ մաքրման:

«Նման փորձը տհաճ և հիասթափեցնող էր», - հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը՝ հայցելով ուղևորների ներողամտությունը:


United Airlines-ը փորձել է հարթել իրավիճակն ու առաջարկել է ուղևորներին փոխհատուցել նրանց կրած վնասը լրացուցիչ 10.000 մղոն թռիչքի իրավունքի կամ 200-ական դոլարի ստացականների տրամադրմամբ: