Սամվել Բաբայանն ու նույն գործով ևս 2 դատապարտյալ վերաքննիչ բողոք են ներկայացրել. նրանք պահանջում են արդարացնել իրենց
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանը և «Իգլա»-ի գործով ևս երկու դատապարտյալ դիմել են Վերաքննիչ դատարան:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վերաքննիչ դատարանում նիստը տեղի կունենա հունվարի 22-ին:
Դատապարտյալ Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:
Նա պահանջում է արդարացնել իրեն՝ արդարացման դատական ակտ կայացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Դատապարտյալ Սանասար Գաբրիելյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և դատապարտվել 3 տարի ազատազրկման, պահանջում է արդարացնել իրեն:
2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու կայացնել արդարացման որոշում:
Նշենք, որ գործով անցնում էին ևս 4 ամբաստանյալ: Առաջին ատյանի դատարանը Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման և սահմանվել փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի. փորձաշրջան է սահմանվել 2 տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով` պատիժը պայմանականորեն չկիրառելով։










