«Օրենքով գող» Գիզո Կարդավան 5-րդ անգամ արտաքսվել է Ռուսաստանից

15:44 • 17.01.18

Մոսկվայում դատարանը հունվարի 16-ին վճիռ է կայացրել Ռուսաստանի Դաշնության տարածքից 40-ամյա «օրենքով գող» Գիզո Կարդավային (հանցավոր միջավայրում հայտնի է որպես Գիզո Գալսկի) արտաքսելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Կարդավայի՝ ՌԴ տարածքում գտնվելու անցանկալիության ու մուտքն այդ երկիր ցմահ արգելելու մասին որոշումը ստորագրել է ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գիզո Կարդավան օրերս ձերբակալվել էր «Վնուկովո» օդանավակայանի տարածքում: Հենց նույն օրն էլ նրան Մոսկվայից Ստամբուլ են ուղարկել: Ձերբակալման պահին նա ներկայացրել է Գրիգորի Գվարամիայի անունով անձնագիր, որը ստացել էր Կիպրոսում Վրաստանի դեսպանատնից:

Աղբյուրը նկատում է, որ Կարդավայի համար սա Ռուսաստանից արտաքսման արդեն 5-րդ դեպքն է: 

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «օրենքով գողը» և նրա հանցավոր կլանի մյուս անդամները պատրաստվում են մոտ ժամանակներս հավաքվել Թուրքիայում: Չի բացառվում, որ հանդիպումը կազմակերպվելու է հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի («Դեդ Հասանի») մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ: