Թաիլանդի ոստիկանությունը կանխել է ԻՊ-ի ահաբեկիչների մուտքը երկիր
Թաիլանդի ոստիկանությունը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների մուտքը երկիր՝ ձերբակալելով ահաբեկիչների համար կեղծ անձնագրերի պատրաստմամբ զբաղվող հանցագործի, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով երկրի փոխվարչապետ, գեներալ Պրավիտ Վոնգսուվանի հայտարարությանը:
Պակիստանի քաղաքացի հանդիսացող Մուհամմադ Իքբալը, որը բնակվում է Մալայզիայում, ձերբակալվել է Թաիլանդում անցյալ կիրակի: Նրա վարձակալած բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են Հնդկաստանի չորս և Սինգապուրի երեք կեղծ անձնագրեր, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի պատրաստման համար հատուկ սարքեր:
«Իքբալը զբաղվել է կեղծ անձնագրերի պատրաստմամբ և ծրագրել է դրանց օգնությամբ Մերձավոր Արևելքից մեր երկիր բերել ԻՊ ահաբեկիչների: Սակայն նրա գործողությունները կանխվել են հենց ամենասկզբից», - ասել է փոխվարչապետը՝ հավաստիացնելով, որ երկրի սահմաններից ներս ԻՊ-ի ահաբեկիչներ վստահորեն չկան:
Bangkok Post պարբերականը, հղում անելով Թաիլանդի հատուկ ծառայություններին, գրել է, որ Իքբալն անմիջական կապի մեջ է գտնվել Պակիստանի մեկ այլ քաղաքացի Աթիկ Ուր Ռեխմանի հետ, որը բնակվում է Մալայզիայում և կասկածվում է միջազգային իսլամական ահաբեկչության հետ կապ ունենալու համար: Բացի այդ ՝ նա համարվում է 2004 թվականին Մադրիդում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հնարավոր կազմակերպիչներից մեկը: 2016 թվականից սկսած վերջինս ասիական տարբեր երկրներից ահաբեկիչների է ուղղորդում Մերձավոր Արևելք՝ հարավային և հարավ-արևելյան Ասիայի երկրների կեղծ անձնագրերով: Իքբալը կասկածվում է հենց Ուր Ռեխմանի պատվերով նման անձնագրեր պատրաստելու համար:










