Մեծ Բրիտանիայում «միայնության նախարար» է նշանակվել

16:56 • 17.01.18

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոր՝ «միայնության նախարարի» պաշտոն է ստեղծել իր կառավարությունում և դրա ղեկավար նշանակել սպորտի և քաղաքացիական հասարակության հարցերով փոխնախարար Թրեյսի Քրաուչին: Այս մասին հայտնում է BBC News-ը:

«Չափազանց շատ մարդկանց համար միայնությունը ժամանակակից կյանքի տխուր իրականությունն է: Ես ուզում եմ պայքարել այս խնդրի դեմ՝ հանուն մեզ և մեր հասարակության, օգնել տարեց մարդկանց հաղթահարել միայնությունը, այն մարդկանց, որոնք կորցրել են հարազատներին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք ոչ մեկի հետ խոսելու, մտքերով և փորձով կիսվելու հնարավորություն չունեն», - ասել է Մեյը:

Բրիտանական «Կարմիր խաչի» տվյալների համաձայն՝ ավելի քան 9 միլիոն բրիտանացի հաճախ կամ մշտապես միայնություն է զգում, և կազմակերպությունը «թաքնված համաճարակ» է անվանում այն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետը ստեղծել է «միայնության նախարարի» պաշտոնն Առողջապահության նախարարությունում՝ միայնության դեմ պայքարի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի խորհրդով: