ԱԺ-ն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը և մի շարք այլ օրենքի նախագծեր (ուղիղ)

10:41 • 17.01.18

Ազգային ժողովն այսօր իր աշխատանքներն սկսեց՝ առաջինը քվեարկության դնելով «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ: Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից բարձրաձայնեց, թե ինչու են հերթականությունը խախտում և առաջինը քվեարկության չեն դնում սահմանադրական օրենք համարվող «Սահմանադրական դատարանի մասին» մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ նիստին գրանցվել էր 93 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կքվեարկվի այնպես, ինչպես ինքը հերթականությամբ կթվարկի: «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 93 կողմ ձայներով:

Նշենք, որ ըստ նախագծի՝ ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումը և ընդհանուր ղեկավարումն այս օրենքով վերապահված է ՀՀ նախագահին, մինչդեռ 15-ի Սահմանադրությամբ սպառիչ թվարկված են նախագահի լիազորությունները և նման լիազորություն չունի և ուստի այս նախագծով նախատեսվում է այդ լիազորությունը վերապահել վարչապետին: 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որն ընդունվեց 85 կողմ, 7 դեմ քվեարկությամբ:

Վերջում քվեարկության դրվեց «Սահմանադրական դատարանի մասին» մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքը սահմանադրական է, ուստի այն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-րդը:

Նախագիծն ընդունվեց 87 «կողմ», 7 «դեմ» քվեարկությամբ: «Ծառուկյան» դաշինքը ևս կողմ քվեարկեց: