Ոստիկանների տեսանկարահանումներին վերաբերող օրենքի ընդհանուր տրամաբանությունն է կոմպրոմատներ հավաքելը. Նիկոլ Փաշինյան

12:38 • 17.01.18

«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն սահմանում է ոստիկանների կողմից տեսաձայնագրման կարգը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  նշեց, թե արժե ԱԺ-ին տեղյակ պահել, որ այս օրենքով տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստի դիմացի հարևանի հետ կարող են պայմանագիր կնքել և ամբողջ տունը և գրասենյակը տեսանկարահանել:

«Ասեք՝ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություն կատարել»,-հարցրեց նա:

Հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, թե չի կարծում, որ ոստիկանության առաջ դրված նման նկատառում երբևիցե եղել է կամ կլինի:

«Մենք ունենք հնարավորություն օպերատիվ ճանապարհով տեսանկարահանումներ կատարելու, եթե կան այդպիսի խնդիրներ: Ի՞նչ ասել է՝ ամեն հարևանի կամ խանութի դիմաց դնել սարքեր և նկարել: Նախագծով կա մասնավոր սեկտորի հետ աշխատելու սկզբունքը, այստեղ ասվում է՝ միայն պայմանագրային կարգով և իր համաձայնությամբ։ Այսինքն՝ չենք տեղադրում, օգտագործում ենք եղածը, եթե նյութերը օգտագործելու կարիք կա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հիմա արդեն մամուլում եղել են հրապարակումներ, թե այս կամ այն քաղաքական գործչի շքամուտքի մոտ տեսախցիկ է դրված եղել, և նյութերը օգտագործել են այս կամ այն գործի քննության ժամանակ:

«Հրապարակում եղավ նույնիսկ, որ կոնսպիրատիվ բնակարան են վարձել, այսինքն՝ պետք է տեղյակ լինենք, որ սրանով ՀՀ ցանկացած քառակուսի մետրը կարող է դրվել տեսանկարահանման տակ»,-ասաց նա:

Փաշինյանը մտահոգություն հայտնեց տեսանյութերի պահպանման ժամկետի համար: «Ինչո՞ւ 7 օր պահպանել, որպեսզի հետո իբր ջնջեն, որ կոմպրոմատներ հավաքեն, որոնց կտիրապետեն միայն իրենք, այս է այս օրենքի ընդհանուր տրամաբանությունը»,-ասաց նա:

Վարդան Եղիազարյանը նշեց, թե զուգադիպություն կարող է լինել, որ մեկի բնակավայրը ընկել է տեսանկարահանման շրջանակներում:

«Հետո օրենքում նշված է, որ տեղեկությունները պետք է ապաանձնավորեցվեն, եթե անձինք կապ չունեն իրավիճակի հետ, օրենքը նման միտում չունի»,-ասաց նա: