Սախալինում կնոջ պատճառով հայի սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը

14:46 • 17.01.18

ՌԴ Սախալինի մարզի Անիվսկի շրջանի դատախազը հաստատել է Ադրբեջանի 37-ամյա քաղաքացու նկատմամբ մեղադրական եզրակացությունը, որը սպանել է 51-ամյա հայ տղամարդու:

«Մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Նրա հանցակիցը թաքնվում է քննչական մարմիններից և այժմ որոնվում է», - նշել է Ujnosahalinsk.bezformata.ru կայքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 15-ին՝ Սախալինի մարզի Անիվսկի շրջանի Նովոտրոիցկոյե գյուղում:

Քննիչների տվյալների համաձայն՝ հայն ավելի քան 22 տարի ապրել է շրջանի բնակչուհու հետ. նրանք երկու համատեղ երեխա են ունեցել: Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության պատճառով հայ տղամարդը բանտ է ուղարկվել: 2017 թվականի մարտին ազատ արձակվելուց հետո նա իմացել է, որ իր սիրելին ապրում է այլ տղամարդու՝ ադրբեջանցու հետ: Ադրբեջանցին հեռացել է, սակայն շարունակել է այցելել կնոջը և զանգել նրան:

Օգոստոսի 15-ին հայը կնոջ հետ հյուր է գնացել ծանոթների տուն, որտեղ էլ հայտնվել է մեղադրյալն իր ծանոթների հետ: Բախումից հետո հայ տղամարդը մահացել է մարմնական վնասվածքներից: