ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ խնդրի կարգավորումն ընդգրկել է 2018թ. առաջնահերթությունների շարքում

15:25 • 17.01.18

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նշել է 2018 թվականին կազմակերպության գործունեության 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են պահանջվում:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրանց թվում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և դրա ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը նոր թափ հաղորդելը:


Գուտերեշն ընդգծել է կաթվածահար իրողությունները վերացնելու անհրաժեշտությունը, որոնց պատճառով եվրոպական հակամարտությունները լուծում չեն ստանում և սառեցվում են:


«Հարկավոր է պատասխանել ազգայնականության ալիքին, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդյան ձևաչափին» և Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- հայտարարել է Գուտերեշն իր ելույթում:


Բացի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ուկրաինայում, Սիրիայում և Մյանմայում ճգնաժամերի կարգավորումը, Լիբանանում կայունության ապահովումը, Եմենի հարցով երկխոսություն սկսելը: