Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի տարելիցին նվիրված հիշատակի երթը (ուղիղ միացում)

16:25 • 19.01.18

Թուրքիայի և համայն աշխարհի հայությունն արդեն 11-րդ անգամ նշում է պոլսահայ լրագրող, «Ակօս»-ի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցը՝ նույն պահանջատիրությամբ, նույն վայրում։ Դինքի սպանության պահը խորհրդանշող ժամին Թուրքիայի տարբեր ծայրերից հայ, թուրք, քուրդ ակտիվիստներ, մտավորականներ, լրագրողներ և պարզապես արդարության պահանջատերեր հավաքվել են Ստամբուլում և «Ակօսի» նախկին խմբագրատան դիմաց ոգեկոչում են Դինքի հիշատակը:

Դինքի մահվան 11-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլի մի շարք թաղամասերում կախվել են հիշատակի պաստառներ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության ստամբուլյան շտաբը:

Դինքի մահվան տարելիցի առիթով հատուկ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայում գործող մի շարք հայ, թուրք և քուրդ մտավորականներ, գիտնականներ ու ակտիվիստներ, ինչպես նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: