ԱՄԷ-ն «հեռացրել» է Քաթարն աշխարհի քարտեզի վրայից

15:29 • 19.01.18

Արաբական Միացյալ Էմիրությունները հեռացրել է Քաթարը «Լուվր Աբու-Դաբի» թանգարանի մանկական անկյունում կախված աշխարհի քարտեզի վրայից: Այդ մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետ Սայմոն Հենդերսոնին:


Փորձագետի խոսքով՝ ԱՄԷ-ի նման գործողությունները հակասում են Ֆրանսիայի հետ թանգարանի անվանման մեջ «Լուվր» բառի օգտագործման մասին պայմանավորվածություններին:


Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը 2017-ի հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: