Սաակաշվիլին հայտարարել է, որ դատարանը կալանք է դրել նրա ամերիկյան բանկային քարտի վրա

17:16 • 19.01.18

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հունվարի 18-ին Կիևի դատարանը կալանք է սահմանել նրա ամերիկյան բանկային քարտի նկատմամբ: Այդ մասին նա հայտարարել է Վերաքննիչ դատարանի դահլիճում ճեպազրույցի ժամանակ, հայտնում է 112.ua-ն:


Նրա խոսքով՝ խոսքը քարտի մասին է, որն իր մոտից առգրավել են տան խուզարկության ժամանակ: Նա հավելել է, որ քարտի հաշիվը փակված է, և ընդգծել է, որ Ուկրաինայի սահմաններից դուրս նրա բոլոր բանկային հաշիվները փակ են:


Այսօր Կիևի վերաքննիչ դատարանում պետք է կայանար Սաակաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ նիստը, սակայն, այն տեղափոխվել է հունվարի 26-ին:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել և ձերբակալել Միխեիլ Սաակաշվիլիին՝ հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Սաակաշվիլիին ձերբակալել հաջողվել է միայն դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան:


Դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին. դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բողոքարկել է դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը: