ԱՄՆ-ում կոնգրեսականների խումբը կոչ է արել Թրամփին վերականգնել ռազմական կապերը Հս. Կորեայի հետ

12:29 • 19.01.18

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներից 33-ը կոչ են արել Դոնալդ Թրամփին վերականգնել ռազմական կապերը Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Հյուսիսային Կորեան աշխարհի միակ միջուկային երկիրն է, որի հետ զինվորականների մակարդակով տեղեկության փոխանակում չունենք», - ասվում է նամակում, որը հրապարակվել է դրա հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ռո Հաննի կայքում:

Փաստաթղթում ասվում է, որ «ԱՄՆ-ն պետք է անի ամեն ինչ՝ թյուրըմբռնումից խուսափելու համար, որը կարող է հանգեցնել ավելի լուրջ հակամարտության, այդ թվում՝ միջուկային պատերազմի»:

«Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությանն ուղղված վերջին աջակցող մեկնաբանությունները և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կապեր հաստատելու հեռանկարը՝ մենք կոչ ենք անում ձեզ կենտրոնանալ փոխհարաբերությունների այս ձևի վրա՝ որպես առաջին քայլ, որի շնորհիվ երկու երկրների կառավարությունները կարող են խուսափել հակամարտությունից», - գրել են կոնգրեսականները՝ դիմելով Թրամփին: