Հայտնի է դարձել՝ որքան է Netflix-ը կորցրել Քևին Սփեյսիի հետ պայմանագիրը խզելու հետևանքով
Netflix ամերիկյան ընկերությունն իր եռամսյակային հաշվետվությունում նշել է 39 միլիոն դոլար կորցնելու մասին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ընկերության ներկայացուցիչները բացատրել են միջոցների կորուստը որոշակի նախագծի վրա աշխատանքի դադարեցմամբ: Հեռուստաալիքի աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառ է դարձել սեռական ոտնձգությունների համար մեղադրվող դերասան Քևին Սփեյսիի հետ պայմանագիրը խզելը:
Հայտնի է, որ Քևին Սփեյսին գլխավոր դերն է խաղացել Netflix-ի «Քարտերի տնակ» հեռուստասերիալում: Դրանից բացի, նա պետք է նկարահանվեր Gore Vidal ֆիլմում, որի նկարահանումները դադարեցվել են կրկին Սփեյսիի պատճառով:
Հիշեցնենք, որ «Քարտերի տնակ» հեռուստասերիալի նկարահանող խմբի ութ աշխատակից մեղադրել է Քևին Սփեյսիին սեռական ոնտձգությունների համար:
Աշխատակիցներից մեկը հայտնել է CNN-ին, որ Սփեյսին սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ հեռուստասերիալի առաջին եթերաշրջաններից մեկի ժամանակ, երբ նա ավտոմեքենայով դերասանին բերելիս է եղել նկարահանման տաղավար:
Աշխատակիցների խոսքերով՝ Սփեյսին իր գործողություններով, որոնք հիմնականում կապված են եղել ոչ պատշաճ հպումների և սեռական բնույթի մեկնաբանությունների հետ, նկարահանման աշխատանքներում ներգրավված երիտասարդ տղաների համար «թունավոր միջավայր» էր ստեղծել:










