50 մլն եվրո. Sotheby’s-ն աճուրդի կհանի Պիկասոյի լավագույն աշխատանքներից մեկը

16:17 • 23.01.18

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը փետրվարի 28-ին Լոնդոնում վաճառքի կհանի Պաբլո Պիկասոյի կտավներից մեկը, որի մեկնարկային գինը 50 մլն եվրո է:

Ինչպես նշում է euromag.ru-ն, «Բերետով և վանդականախշ զգեստով կինը» կտավը, որում պատկերված է տաղանդաշատ նկարչի մուսան՝ Մարիա Թերեզա Վալտերը, նախկինում երբեք աճուրդի չի հանվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ մինչ փետրվարի 28-ը գլուխգործոցը կցուցադրվի Հոնկոնգում, Թայբեյում, Նյու Յորքում և Լոնդոնում՝ արվեստի գործի նկատմամբ գնորդների հետաքրքրությունը շարժելու համար:

Պիկասոն կտավը նկարել է 1937թ.: Ըստ մասնագետների՝ դրանում Պիկասոն ներկայացնում է Մարիա Թերեզա Վալտերի հետ սիրավեպի զարգացման նոր փուլը, որում նկարիչը դեռևս նրան սիրահարված է, սակայն աստիճանաբար տարվում էր նոր մուսայով՝ Դորա Մաարով:

Փորձագետներից ոմանց կարծիքով՝ այս կտավում Պիկասոն արտահայտել է երկու կանանց նկատմամբ տածած զգացմունքները, ինչի մասին վկայում են կանանց կողմից նախընտրած նկարչական ոճերի միտումնավոր միախառնումը:

 

 

50 մլն եվրո. Sotheby’s-ն աճուրդի կհանի Պիկասոյի լավագույն աշխատանքներից մեկը