Բոլիվուդի ամենահաջողակ ռեժիսորներից մեկը կցանկանար Պուտինի մասին ֆիլմ նկարահանել
Բոլիվուդի ամենահաջողակ ռեժիսորներից մեկը՝ Dharma Productions ընկերության ղեկավար Կարան Ջոխարը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն է հայտնել, ինչպես դա ժամանակին արել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը:
«Համոզված եմ, որ լավ պատմությունը կհնչի ցանկացած լեզվով, և կցանկանայի նման բան անելու հնարավորություն ունենալ», - պատմել է ռեժիսորը «РИА Новости»-ին:
Ջոխարի խոսքով՝ ինքը կցանկանար ֆիլմ նկարահանել Ռուսաստանում:
«Որևէ համատեղ նախագիծ կցանկանայի Ռուսաստանի և Հնդկաստանի միջև: Գիտեք, որ ռուս հանդիսատեսը միշտ շատ է սիրել հնդիկներին: Օրինակ՝ Ռաջ Կապուրին: Եվ հիանալի կլիներ գալ ու նկարահանել Ռուսաստանում: Ահա թե ինչու ցանկացած համագործակցություն և փոխգործակցություն կցանկանայի, որպեսզի կարողանանք գալ Ռուսաստան ու որևէ հրաշալի բան անել», - նշել է նա:
Ջոխարը մանրամասնել է, որ ինքը պատրաստ է ֆիլմ նկարահանել նաև ռուս գրականության դասական ստեղծագործությունների հիման վրա:
«Ռուս դասական գրականություն շատ չեմ կարդացել, սակայն կուզեի ավելի լավ ճանաչել այն: Որովհետև այժմ մեր թիմը նոր պատմություններ ու նոր էներգիա է փնտրում», - հավելել է ռեժիսորը:










