Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան № 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցից և լավ է զգում իրեն: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Ինչպես անցած շաբաթ հաղորդել էր Սողոմոնյանը՝ Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր վիրուսի պատճառով:
«Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել, այժմ նա տանն է, նորմալ է զգում իրեն, հնարավոր է՝ երկուշաբթի թատրոն կգա», - պատմել է Արթուր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ 82-ամյա դերասանն ու նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում են ամուսիններ լինել, քանի որ կինը բողոքարկել էր ամուսնալուծության վճիռը, ինչի պատճառով ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել։
Դերասանի ու երիտասարդ կնոջ ընտանիքում առկա լուրջ տարաձայնությունների մասին հայտնի էր դարձել 2017թ. հոկտեմբերին, երբ Ջիգարխանյանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճից հետո հիվանդանոց էր տեղափոխվել: Ավելի ուշ նա կնոջը մեղադրել էր իրեն խաբելու ու ամբողջ կարողությանը տիրանալու համար: Դրան հաջորդել էր Ջիգարխանյանի՝ կնոջից պաշտոնապես բաժանվելու վերաբերյալ դատական հայցը: Մոսկվայի դատարանը նրանց ամուսնալուծությունը հաստատել էր նոյեմբերի վերջին:










