Երգչուհի Յուլյա Սավիչևան խնամակալության տակ է առել մանկատնից երկու երեխայի (լուսանկարներ)
Ռուս երգչուհի Յուլյա Սավիչևան խնամակալության տակ է առել իր հայրենի Կուրգան քաղաքի մանկատնից երկու երեխայի՝ Սաշային և Քրիստինային: Այս մասին երգչուհին պատմել է Hello! ամսագրին տված հարցազրույցում:
Սավիչևայի խոսքով՝ ինքը դեռ չի ծանոթացել երեխաների հետ, սակայն հանդիպումը շուտով տեղի կունենա:
«Հինգ-վեց տարի առաջ ես սկսեցի մանկատներ այցելել, շփվել երեխաների հետ, նվերներ անել նրանց: Սակայն գիտեք, երբեք չեմ ազդարարել այս այցելությունների մասին, և ոչ ոք չի խնդրել ինձ գնալ այնտեղ: Ինքս էի ուզում և գնում: Որովհետև պարզապես հասկանում էի. այս երեխաներին շատ է պակասում շփումը: Իսկ մայր դառնալուց հետո ուղղակի հիվանդացա այս թեմայով: Հասկացա, որ պետք է այնպես անեմ, որ ուրիշ մարդիկ էլ իմանան այս երեխաների մասին, ցանկանան օգնել նրանց՝ նույնիսկ որևէ մանրուքով», - պատմել է նա:
Երգչուհին պատմել է, որ ինքը նայել է «Փոխիր մեկ կյանք» հիմնադրամի կայքի անկետաները և, տեսնելով Քրիստինային և Սաշային, անմիջապես ընտրել է նրանց:
Նշվում է, որ տղան երեք տարեկան է, իսկ աղջիկն ավելի մեծ է:
Life-ի հաղորդմամբ՝ 2017 թվականի օգոստոսին Յուլյա Սավիչևան և նրա ամուսին Ալեքսանդր Արշինովը ծնող են դարձել: Ավելի ուշ երգչուհին խոստովանել է, որ մինչ այդ ինքը վիժելու հետևանքով կորցրել է իր նախորդ երեխային: Դրանից հետո ամուսինները բազմիցս քննարկել են երեխա որդեգրելու հարցը:



![]()










