Ռուսաստանի կինոթատրոններում արգելվել է «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)

12:33 • 24.01.18

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը չեղարկել է իտալացի Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմը կինոթատրոններում ցուցադրելու թույլտվությունը, քանի որ արվեստի ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները «սև» կատակերգությունը դիտելուց հետո այն վիրավորական ու ծայրահեղական են որակել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, խորհրդատվական հանձնաժողովն ավելի վաղ կոչ էր արել նախարարությանը հետաձգել ֆիլմի ցուցադրումը, որպեսզի այն չհամընկնի Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակի հետ ու ավելորդ լարվածության առիթ չտա:

«Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրման արտոնագիրը չեղարկվել է»,- Agence France-Presse գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ մշակույթի նախարարության խոսնակը:

ՌԴ Պետդումայի մշակութային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ելենա Դրապենկոն հայտարարել է, որ երբևէ այդ աստիճան տհաճ ֆիլմ չէր դիտել:

«Բոլոր ռուսները, որոնց ֆիլմը ցուցադրել ենք, այդ թվում՝ նաև ռուսական մամուլի ներկայացուցիչները, հավանել են այն: Նրանք նշել են, որ այն զավեշտալի է, բայց ճշմարիտ»,-ասել է ռեժիսորը:

Սակայն ֆիլմի փակ դիտմանը ներկա գտնված անձինք բաց նամակով դիմել են մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ նշելով, որ կինոնկարն անարգում է ֆաշիզմի դեմ պայքարած ու հաղթանակած մարդկանց հիշատակը: Ոմանց կարծիքով՝ այն վիրավորում է ԽՍՀՄ օրհներգն ու պատմական խորհրդանիշները:

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ գեներալ Ժուկովը, որը նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում գլխավոր դերակատարում ունեցող դեմքերից է, ֆիլմում հիմարի կերպարով է ներկայացված:

 

Ռուսաստանի կինոթատրոններում արգելվել է «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)