Քեյսի Աֆլեքը հրաժարվել է մասնակցել «Օսկար»-ին
Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի դափնեկիր, դերասան Քեյսի Աֆլեքը հայտարարել է այս տարվա մրցանակաբաշխությանը չմասնակցելու որոշման մասին, հայտնում է BBC-ն:
Ըստ ավանդույթի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստացողը հաջորդ տարի հայտարարում է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթողի անունը: Քեյսին, որը 2017թ. ճանաչվել էր լավագույն դերասան, չի պատրաստվում մասնակցել մարտի 4-ին Լոս Անջելեսում կայանալիք միջոցառմանը:
Նշվում է, որ որոշումը կապված է դերասանի դեմ ներկայացված առցանց խնդրագրի հետ: Այն ստորագրել է մոտ 20.000 կին՝ կոչ անելով բոյկոտել տարիներ առաջ կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տված Աֆլեքի ներկայությունն «Օսկար»-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2010թ. երկու կին իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ դատական հայց էին ներկայացրել Աֆլեքի դեմ:
Հայցվորներից առաջինը՝ Ամանդա Ուայթը պատմել էր, որ Աֆլեքն իրեն աշխատավարձ չի վճարել, քանի որ ինքը հրաժարվել է նրա հետ հյուրանոց գնալ ու գիշերը միասին անցկացնել: Մինչդեռ մյուս հայցվոր Մագդալենա Գորկայի պնդմամբ՝ Աֆլեքը, ամուսնացած լինելով հանդերձ, թաքուն սողոսկել էր իր անկողին, երբ ինքը քնած է եղել:
Թեև ավելի ուշ կողմերը համաձայնության էին եկել ու մոռացել այս պատմության մասին, սակայն Հոլիվուդում 2017թ. վերջին սկսված ու 2018թ. նոր թափ առած #MeToo (Հոլիվուդում կանանց նկատմամբ սեռական բռնության դեմ ուղղված արշավ-Tert.am) շարժման ֆոնին այս պատմությունը կրկին հիշել են:










