Փարիզում հեղեղումների պատճառով փակվել է Լուվրի թանգարանը (տեսանյութ)
Տևական ժամանակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Փարիզով հոսող Սեն գետի մակարդակը շարունակում է բարձրանալ, հայտնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ գետի մակարդակը հասել է վերջին 35 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշին:
Ստեղծված իրավիճակում հանրահայտ Լուվրի և Օրսե թանգարանները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքն ու հեղեղումների վտանգից փրկել ավելի քան 200.000 արվեստի գործ: Նշվում է, որ դրանք տեղափոխվել են ապահով վայրեր:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ի տվյալներով՝ Սեն գետի ջրի մակարդակը հասել է 4.9 մ-ի: Փարիզի փոխքաղաքապետ Կոլոմբ Բրոսելի կանխատեսմամբ՝ հունվարի 27-ին այն կհասնի 6 մ-ի: Մինչդեռ Սենի ջրի մակարդակի նորման 2 մ է:
Հայտնի է, որ հեղեղումների պատճառով արգելվել է գետով երթևեկելը. կան մի շարք ջրային փոխադրամիջոցներ, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող անվտանգ անցնել Սենի վրա կառուցված պատմական կամուրջների տակով: Առաջիկա օրերին կփակվի առափնյա հատվածով անցնող երկաթուղին:
Այժմ քաղաքում ջրհեղեղի տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել:
Աղբյուրը նկատում է, որ Փարիզի բնակիչները լուրջ մտավախություն ունեն առ այն, որ սա կարող է վերածվել «դարի ջրհեղեղի»:
Հայտնի է, որ 1910թ. Սեն գետի մակարդակը բարձրացել է մոտ 9 մ-ով, ինչի հետևանքով Փարիզը վերածվել է «ֆրանսիական Վենետիկի»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:












