Թրամփը դիմել է թանգարանին Վան Գոգի կտավի համար, փոխարենը՝ ստացել ոսկեզօծ զուգարանակոնքի առաջարկ

10:22 • 26.01.18

Սպիտակ տունը դիմել է աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հաստատություններից մեկին՝ Գուգենհայմի թանգարանին՝ խնդրելով Վինսենթ վան Գոգի կտավներից մեկը տրամադրել Դոնալդ և Մելանյա Թրամփների սենյակը զարդարելու համար:

Ինչպես նշում է The Washington Post-ը, թանգարանի գլխավոր համակարգող Նենսի Սպեկտորը պատասխանել է, որ Վան Գոգի կտավի փոխարեն կարող են ուղարկել 18 կարատանոց ոսկով պատված, նորմալ աշխատող զուգարանակոնք: Հայտնի է, որ Մաուրիցիո Կատելանի ստեղծած նմուշը կոչվում է «Ամերիկա» ու հանդիսանում է Գուգենհայմի թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից մեկը:

Սպիտակ տան հարցմանն ի պատասխան ուղարկված նամակում Սպեկտորը նշել է, որ ոսկեզօծ զուգարանակոնքն այլևս չի ցուցադրվում ու այն հնարավոր է ուղարկել ԱՄՆ նախագահի ու առաջին տիկնոջ կեցավայր:

«Հեղինակը պատրաստ է այն Սպիտակ տանը տրամադրել երկարաժամկետ վարձակալության հիմունքով: Իհարկե, այն չափազանց արժեքավոր ու փխրուն նմուշ է, բայց մենք կտանք բոլոր անհրաժեշտ ցուցումներն այն տեղադրելու ու օգտագործելու համար»,-նամակում գրել է թանգարանի համակարգողը, որը Թրամփի  քննադատներից է:

Աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ նախագահները հաճախ են դիմում անվանի թանգարաններին ու պատկերասրահներին՝ Սպիտակ տան տարբեր հատվածները զարդարելու նպատակով արժեքավոր կտավներ ստանալու հարցով:

Թրամփը դիմել է թանգարանին Վան Գոգի կտավի համար, փոխարենը՝ ստացել ոսկեզօծ զուգարանակոնքի առաջարկ