Անդրեյ Զվյագինցևը «Ոսկե արծիվ» է ստացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
ՌԴ հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևն արժանացել է «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակին՝ «Չսեր» ֆիլմի համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է երեկ՝ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի տաղավարներից մեկում:
Այս տարի «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում ներկայացվել են նաև Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» և Վալերի Տոդորովսկու «Մեծ» ֆիլմերը:
Ռուսական «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակը 2002 թվականի մարտի չորսին հիմնել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան: Փորձագետների խորհուրդն իրականացնում է ընտրությունը տարբեր անվանակարգերում: Մրցանակը բաշխվում է ակադեմիայի գործող անդամների և թղթակից անդամների քվեարկության արդյունքում:










