Կառավարության օրակագում է ՀՀ ՊՆ «Զինուժ» մեդիա» ստեղծելու նախագիծը.  հիմնարկը պետք է նաև հայրենասիրական գաղափարներ տարածի

20:26 • 30.01.18

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ ստեղծելու նախագիծը, որով պետք է միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Զինուժ» ստուդիա», «Հայզինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները: Հիմնարկի գտնվել ու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:

«Զինուժ» մեդիա» պետական հիմնարկի գործունեության խնդիրները, նպատակներն ու գործառույթներy պետք է լինեն հեռուստածրագրերի, ռադիոհաղորդաշարերի և տպագիր մամուլի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական ծառայության քարոզչությունը, հոգևոր, մշակութային, հայրենասիրական գաղափարների տարածումը, ՀՀ տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին հակազդումը, հանրության հայրենասիրական ոգու բարձրացմանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացումը, տեսանյութերի, հեռուստառադիոհաղորդումների և հրապարակումների թողարկման և համացանցում զետեղելու միջոցով հանրային իրազեկումը ապահովելը, տեղեկատվական շտեմարան-պահոցի (ֆիլմեր, տեսաձայնագրություններ և այլ նյութեր) շարունակական արդիականացումը, համացանցում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվական սպասարկումն ու զարգացումը:

Կից ներկայացված տեղեկույթում առավել մանրամասնվում է նաև, որ «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու հասարակության մեջ զինված ուժերի վերաբերյալ դրական կարծիքի ձևավորմանը:

Ըստ կառավարության սպասելիքների` միասնական լրագրողական թիմի ստեղծումը կենտրոնացված խմբագրման համակարգով, անհամեմատ կհեշտացնի ամբողջ կառույցի աշխատանքը թե՛ բովանդակային, թե՛ օպերատիվության առումով` դրական ազդելով  տեղեկատվական արտադրանքի որակի վրա: