Պետական ապարատի ծախսերը չկրճատելու կամ դրանց արդյունավետությունը չբարձրացնելու դեպքում ստիպված ենք լինելու մեծացնել արտաքին պարտքը. Կ. Խաչատրյան
Եթե հաշվի առնենք արտաքին պարտքի բեռը, տնտեսությունում առկա իրողությունները, պետական բյուջեի հավաքագրման դժվարությունները, անշուշտ, պետական բյուջեի ծախսերը պետք է խիստ արդյունավետ լինեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ եղած սուղ միջոցների պարագայում կառավարությունը ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի ծախսերի արդյունավետության բարձրացմանը: Ավելին, տնտեսագետի կարծիքով՝ ծախսերի արդյունավետության բարձրացումը կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի:
«Առանց այն էլ տնտեսվարող սուբյեկտներից հարկային հավաքագրումների հետ կապված որոշակի դժվարություններ կան, մենք չենք կարող ակնկալել, որ առաջիկա տարիներին պետական բյուջեի մուտքերն էապես մեծանալու են: Մյուս կողմից էլ ծախսերը չկրճատելու կամ դրանց արդյունավետությունը չբարձրացնելու դեպքում ստիպված ենք լինելու մեծացնել մեր արտաքին պարտքը»,- նկատեց Կառլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը համոզված է, որ կառավարությունը կարող է և կրճատումներ անել, և դրան զուգահեռ կառավարման արդյունավետությունը բարձրացնել: Դրա համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում ցուցաբերել՝ հստակ նախանշել խնդիրներն ու ոլորտային գերակայությունները, ինչպես նաև ստորաբաժանումների գործառույթների ընդհանուր մեծ «գույքագրում» անել:
«Դա ահռելի մեծ աշխատանք է ենթադրում, բայց եթե առաջիկա մի քանի տարվա ընթացքում մենք չգնանք դրան, ապա ստիպված ենք լինելու անընդհատ նույն փակ շղթայով պտտվել: Այսինքն, կառավարությունը պետք է հստակ հասկանա՝ ինքը ի՞նչ միավորներ ունի, դրանցից յուրաքանչյուրը կրկնո՞ւմ են արդյոք մեկը մյուսի գործառույթները կամ անհրաժե՞շտ է տվյալ ստորաբաժանումում ենթադրենք 50 աշխատող, ոչ թե 20 և այլն: Մինչև դա չհասկանա, ցանկացած քայլ ընդամենը ծրագիր է լինելու, ուղղակի ինչ-որ բան փոխելու, բայց դա կբերի արդյունավետության, թե չէ, դժվար է ասել»,- ընդգծեց տնտեսագետը:
Արդարադատության նախարարությունն օրերս ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկված նախարարությունների թիվը չի փոխվելու, գործող 18 նախարարությունները պահպանվելու են:
Կառլեն Խաչատրյանը տրամաբանական է համարում փոխվարչապետերի ավելացումը և նույն թվով նախարարությունների առկայությունը նոր կառավարությունում, քանի որ նոր սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելու դեպքում կառավարման գործադիր իշխանության ամբողջ բեռն ընկնելու է կառավարության ուսերին: Ներկայիս կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է մասամբ կառավարության, մասամբ նախագահը:
«Այս իմաստով, բնականաբար, կառավարման արդյունավետությունից ելնելով տրամաբանական է, որ փոխվարչապետերի քանակը պետք է շատանար: Ես ենթադրում եմ, որ փոխվարչապետերը որոշակի բլոկներով են իրենց լիազորությունները տարանջատվելու՝ տնտեսական կամ ենթակառուցվածքների բլոկ, ուժային բլոկ և այլն»,- նշեց տնտեսագետը:
Հարցին, թե փոխվարչապետերի ավելացման պարագայում նախարարների և փոխվարչապետերի ֆունկցիաների կրկնություններ չեն լինի, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց. «Քանի դեռ հստակ չգիտեմ կոնկրետ փոխվարչապետերից յուրաքանչյուրը ինչ գործառույթներ է ունենալու և ինչ ոլորտներ է համակարգելու, նման պնդում անել չեմ կարող: Բայց հույս ունեմ, որ հաշվի առնելով այն սուր, ծանր իրավիճակը, որ այսօր տնտեսությունում կա, պետական բյուջեի վրա ընկած մեծ բեռը, կառավարությունը խելամիտ կգտնվի և այդ կրկնություններից հնարավորինս զերծ կմնա: Եթե կրկնություն լինի, բնականաբար, դա անարդյունավետ է»:










