Թուրքիայի կողմից ոտնձգություններ ամեն րոպե սպասելի են, և մենք պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ ՌԴ-ն կարող է հանդես գալ ոչ հօգուտ ՀՀ-ի. Վահան Բադասյան
Արցախյան պատերազմի մասնակից, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը չի կարծում, որ հնարավոր է Սիրիայում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության զարգացմանը զուգահեռ Թուրքիան Ադրբեջանի միջոցով գործողություններ սկսի նաև Ղարաբաղի նկատմամբ:
«Դրա հետ կապ չունի ընդհանրապես, և այնտեղ բոլորովին այլ իրավիճակ է: Բայց դա չի նշանակում, որ վտանգ չկա: Ամեն րոպե հայկական կողմը պարտավոր է սպասել, որ հնարավոր է՝ Թուրքիայի կողմից ոտնձգություններ լինեն այլ թեմայով, այլ հարցերով»,-ասաց Բադասյանը՝ շեշտելով, որ նշում է Թուրքիան՝ նկատի ունենալով Ադրբեջանի հետ, որը թուրքական երկրորդ պետությունն է:
Իսկ այս պարագայում, ըստ Բադասյանի, ինչպես Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ ռազմական գործողություններին Ռուսաստանն առնվազն դեմ չէ, այնպես էլՌուսաստանը կարող է Ղարաբաղի հարցում հանդես գալ ոչ հօգուտ դաշնակից Հայաստանի:
«Հայաստանն, ընդհանուր առմամբ, նկատի ունեմ ներառյալ Արցախը, միշտ պետք է պատրաստ լինի, որ մի օր Ռուսաստանը մեզ դավաճանելու է, և կարող է նույնիսկ Արցախի տարածքի վրա չլինի կռիվը, մասնավորապես, նաև Թուրքիայի կռիվը, այլ լինի Երևանի ուղղությամբ, Երասխավանի կողմի: Մենք ամեն ձևով պետք է պատրաստ լինենք, որովհետև հնարավոր է՝ լինի Թուրքիայի կողմից հարձակում և Ռուսաստանը դավադրաբար նրան օգնի: Նույնիսկ սպասելի է, որ ՌԴ-ն իր ռազմաբազայի ինքնաթիռներն ու ուղղաթիռներն ուղղի մեր վրա»,-ասաց նա:
Անկախ նրանից, թե ինչ պաշտոնական հանդիպումներ կլինեն, ըստ Բադասյանի, ստատուս քվոն պահպանվելու է: «Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկությունները մեր կողմից ընդունվել են, սակայն, կարող են նաև չընդունվել, որովհետև հիմքում ընկած է հայկական և ադբեջանական կողմերի փոխվստահությունը, իսկ վստահություն մենք չենք կարող ունենալ, որովհետև միշտ խախտում է Ադրբեջանը, նա է միշտ լինում նախահարձակը: Եվ այսպիսի պայմաններում հետ վերադառնալ նախկին ստատուսին՝ դա հնարավոր չէ: Մանավանդ որ Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքներն ակնհայտ ոտնահարվում են, ինչպես կարող են նույն պետության մեջ պաշտպանվել հայերի իրավունքները, եթե վերադարձ լինի: Դա լավ հասկանում է ամբողջ աշխարհը, լավ հասկանում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան: Եթե ՌԴ-ն չի էլ հասկանում, փառք Աստծո, աշխարհը կարգավորող երկրները հասկանում են»,-ասաց նա:










