Ինքնանպատակ հակադրվելու և դիվիդենտներ հավաքելու մտայնություն չունենք. Միքայել Մելքումյանը՝ փոխնախարարին
Մենք ինքնանպատակ հակադրվելու և դիվիդենտներ հավաքելու մտայնություն չունենք: Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ դիմելով կառավարության ներկայացուցչին՝ նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը գտնում է, որ Գործադիր մարմնի ներկայացուցիչները կարող էին մինչ նախագիծ ներկայացնելը քննարկում իրականացնել խորհրդարանի հետ, հատկապես այն պատգամավորի, որը նախագծի հեղինակն է: Ըստ նրա, եթե կառավարությունը քննարկեր իրենց ներկայացրած առաջարկները, ապա աշխատանքի արդյունքն ավելի արագ կերևար:
«Եթե այս օրենքի նախագիծն արդեն հասել է հանձնաժողով, իսկ պրակտիկան էլ ցույց է տալիս, որ կառավարության նախագծերը երկար ճանապարհ են անցնում, ի՞նչն է խնդիրը: Աշխատենք միասին, առաջին ընթերցմամբ անցնի, բոլոր համահեղինակների հետ քննարկենք ձեր առաջարկները, որ արագ լինի»,- ասաց Մելքումյանը:
Նախագծի հարակից զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանն էլ, արձագանքելով պատգամավորի առաջարկին՝ կապված նախագծի հեղինակների հետ օրինագիծը քննարկելու հետ, հայտարարեց, որ կառավարություն իր քննարկումներում նախատեսնում է նման հանդիպումներ: Սակայն Թադևոսյանը նշեց, որ պատգամավորների ներկայացրած օրինագծում խտրականություն է նկատում։
«Նախագիծը կառավարության քննարկման է ներկայացված։ Բացի այդ, ես վկայակոչում եմ խտրականության բացառման հոդվածը, իսկ մեր առաջարկվող տարբերակում խտրականություն չկա: Բայց եթե այս հոդվածը տեղափոխենք այս նախագծից մյուս նախագիծ, խնդիրներ կլինեն թե՛ խտրականության մասին դրույթի հետ, թե՛ այլ դրույթների: Ավելի նպատակահարմար կլինի, եթե նախագիծը կառավարության ներկայացրած տարբերակով քննարկվի»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց առաջարկությունները համաձայնեցված են նաև միջազգային գործընկերների հետ:
Ի հակառակ Թադևոսյանի՝ Մելքումյանը չի կարծում, որ իր խմբակցության կողմից ներկայացված նախագծում խտրականություն կա: Հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորն էլ իր խոսքում դիմեցին կառավարության ներկայացուցչին և նկատեց, որ եթե կառավարությունը դեմ չէ առաջ քաշված սկզբունքներին, ապա ինչո՞ւ չի աշխատում նախագծի հեղինակ պատգամավորների հետ:
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան էլ իր առաջարկությունները ներկայացրեց. «Երկու առաջարկ ունեմ. առաջին տարբերակ՝ շարունակում եք աշխատել խմբակցության հետ, բերում եք նախագիծն այն տեսքին, որ դուք ունեք և լիարժեք եք համարում: Եթե ձգձգվելու է, մենք կարող ենք ընդունել այս դրույթով, երկրորդ տարբերակ` հեղինակները շարունակեն ձեզ հետ աշխատել, որոշ ժամանակ քննարկեք ու ընդունեք, եթե կարճ է լինելու այդ ժամանակը: Չեմ կարծում` մեկ-երկու ամսվա տարբերությունը ողբերգություն է լինելու»:
Նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյան էլ հավելեց, որ թեև համաձայն է կառավարության հետ աշխատել, միևնույն է՝ ծանոթ լինելով կառավարության գործունեությանը՝ կասկածում է, որ այս նախագիծը շուտ է կյանքի կոչվելու:
Իսկ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ առաջարկեց 1 ամիս հետո հանձնաժողովում քննարկել համատեղ աշխատանքի արդյունքները, իսկ 2 ամսից այն ներկայացնել քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար։ Ի վերջո, հանձնաժողովի անդամները համաձայնության եկան, և որոշվեց առաջարկը հետաձգել 2 ամսով, որպեսզի լրամշակվի:










