«Հավատում եմ, որ համշենական երգը կարող է դիպչել աշխարհի մյուս ծայրում ապրող մարդու սրտին». համշենական խմբի մեներգչի հարցազրույցը թուրքական պարբերականին
Թուրքական «Բիրգյուն» պարբերականը հարցազրույց է անցկացրել համշենական հայտնի խմբերից «Մելուսես»-ի մեներգիչ Քորայ Չելիքի հետ, որը հանդիսատեսին առավել հայտնի է «Կարմի» և «Խադուլիք» երգերով:
«Խադուլիքը» նաև խմբի 2015 թվականին թողարկած ալբոմի անվանումն է, թեև պետք է նշել, որ «Մելուսես» խումբը համշենցի երիտասարդների կողմից ստեղծվել է դեռևս 2009 թվականին՝ Ստամբուլում:
Չելիքը զրույցում հատկապես շեշտում է համշենական երաժշտության միջոցով անհետացման եզրին գտնվող Համշենի հայկական բարբառը կենդանացնելու և նոր սերնդին որպես ժառանգություն փոխանցելու կարևոր դերի մասին:
«Այստեղ ցանկանում եմ հատկապես շեշտել Զուղաշի Բերեփեի և Քյազըմ Քոյունջուի անունները, որոնք առաջինն էին Թուրքիայում, որ համշեներենով (նկատի ունի Համշենի հայկական բարբառով-tert.am) և լազերենով (քարթվելական լեզվախմբի լեզու) երգեր ձայնագրել: Այն տարիներին Զուղաշի Բերեփեի երգած երգերը շատերին տարօրինակ կարող էին թվալ, հանդերձանքը՝ նույնպես: Սակայն այս մարդիկ իսկապես մի ուրիշ պատուհան բացեցին: Անհետացման եզրին գտնվող լեզուներով երգեր երգեցին, այսինքն՝ տաբուներ կոտրեցին», - նշում է Քորայ Չելիքը:
Ըստ նրա՝ համշենական երգի էներգետիկան իր հզորությամբ ունակ է հաղթահարելու հեռավորությունն ու փոխանցվելու անգամ այն մարդուն, որը ծանոթ չէ այդ լեզվին:
«Ես հավատում եմ, որ համշենական երգը կարող է դիպչել աշխարհի մյուս ծայրում ապրող մարդկանց սրտին, ես հավատում եմ դրան», - նշել է համշենցի երաժիշտը:
Պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թրքախոս համշենցիների ևս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն: «Չամ» Համշենի բարբառով նշանակում է եղևնի - tert.am): Իսկ կրոնական և ազգային հալածանքների հետևանքով բուն Համշենից դեպի Խոպա, Օրդու, Գիրեսուն և Սամսուն արտագաղթած համշենցիների բազմաթիվ գերդաստաններ հայերենը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գյուղերում համշենցիները սահուն հայերեն են խոսում մինչ օրս:










