Ամենահաս առաքում՝ արդեն բջջային հավելվածով

15:45 • 30.01.18

6-7 տարի առաջ դժվար կլիներ պատկերացնելը, որ կգա ժամանակ, երբ մարդիկ հնարավորություն կունենան պատվիրել իրենց նախընտրած ցանկացած սնունդը, և այն կառաքվի պատրաստելու ժամանակահատվածից կրկնակի, երբեմն՝ եռակի անգամ շուտ։ Այսօր վերոնշյալ իրողությունը ոչ միայն իրականություն է, այլ նաև հնարավորինս հեշտ է տրվում հանրությանը՝ շնորհիվ Menu.am ընկերության բջջային հատուկ հավելվածի, որի օգնությամբ տարբեր ռեստորաններից սնունդ պատվիրելը տևում է ընդամենը մի քանի րոպե։

Menu.am ընկերության տնօրեն Սևադա Բաղդյանի խոսքով՝ վերջին տարիներին առաքման շուկան հսկա քայլերով առաջ է գնում, և դրան նպաստում են նաև իրենց ընկերության մի շարք առավելությունները։



«Օրեցօր մարդիկ ավելի շատ են դիմում միացյալ պատվերների համակարգին: Մենք արդեն քանի տարի է՝ նկատում ենք, որ մարդիկ ընտրում են մեր ընկերությունը ռեստորանների մեծաքանակ ընտրության համար, և մեզ դիմելն ավելի դյուրին է, քան ռեստորանի հետ ուղիղ կապ հաստատելը։ Իսկ վերջերս առավել քան կարևորվում է նաև արագությունը և մեր տրամադրած հարմարավետությունը՝ բջջային հավելվածի տեսքով։ Առաքումն արագ տեղ հասցնելու համար տեխնոլոգիական նորամուծություններ ենք անում, անընդհատ մեր ծրագիրն ենք բարելավում, որի միջոցով վարորդի և ռեստորանի համագործակցությունը միայն շահում է՝ դառնալով էլ ավելի ճկուն ու արագ: Նոյեմբեր ամսից սկսած առաքման ժամանակը նախկինից 25%-ով դրական տարբերություն է տալիս, այսինքն՝ այժմ այն նվազել է մինչև 45 րոպե։ Ամեն ինչ անելու ենք, որ այս տարվա ընթացքում մեր առաքման արագությունը միջինը 30 րոպեից քիչ լինի: Վերջին շրջանում մարդիկ սկսել են նաև ավելի շատ պատվերներ կատարել բջջային հավելվածի միջոցով, համեմատության համար նշեմ, որ այժմ հաճախորդների ավելի քան 50 տոկոսը պատվիրում է հավելվածի, 30 տոկոսը՝ կայքի, և արդեն ընդամենը մոտ 20 տոկոսը՝ զանգերի միջոցով, մինչդեռ 5 տարի առաջ պատվերների 80 տոկոսը կատարվում էր զանգերի միջոցով»,-նշում է ընկերության տնօրենը:



Սևադա Բաղդյանի տեղեկացմամբ՝ այս տարի ընկերության ամենամեծ թիրախը լինելու է հենց հաճախորդների սպասարկման արագության բարձրացումը և հարմարավետությունը: Այդ նպատակին հասնելու համար ընկերությունն առաջիկայում նոր տեխնոլոգիական լուծումներ է առաջարկելու:

«Սպասվող նորություններից մեկն այն է, որ կայքում ամեն հաճախորդի նախ առաջարկվելու են ավելի մոտ գտնվող ռեստորաններն ու սննդի կետերը։ Երբեմն հաճախորդները թյուրիմացաբար պատվիրում են սնունդ այնպիսի վայրերից, որոնք «արհեստականորեն» հեռու են իրենցից, իսկ դրա փոխարեն կարելի էր օգտվել ավելի մոտ ռեստորանից՝ նույն ուտեստը պատվիրելով։ Այսպիսով` ռեստորանի հեռու գտնվելն էլ է ազդում առաքման ժամանակի վրա, բայց քանի որ մեր հաճախորդների հարմարավետությունը մեզ համար առաջնային է, որոշել ենք այդ հարցը ևս արագ կարգավորել, ու մոտավորապես մեկ ամսից նորամուծությունը կներդրվի»,- հայտնեց Սևադա Բաղդյանը:

Menu.am-ի առաքման ցանցն ամենամեծն է Հայաստանում՝ երկու հարյուրից ավելի վարորդներով, և ծառայությունը հասանելի է նաև Վանաձորում, Գյումրիում, Ծաղկաձորում, Հրազդան և Աբովյան քաղաքներում: Շուտով Menu.am-ը կգործի Դիլիջանում և Էջմիածնում:



«Եվս մեկ առավելությունն այն է, որ մեզ մոտ հնարավոր է տարբեր ռեստորաններ միաժամանակ տեսնել, համեմատել և ընտրել: Ընտանիքի մի անդամը կարող է մի բան է սիրում, մյուս անդամը մեկ այլ բան, այսինքն՝ նրանք չեն սահմանափակվում մեկ տարբերակով: Մեր դեպքում կա հնարավորություն, որ ընտանիքի ամեն մի անդամը կոնկրետ մի տեղից պատվիրի: Իսկ մեր վարորդ-առաքիչը տարբեր տեղերից հավաքում և առաքում է»,- հայտնեց Սևադա Բաղդյանը:

Ճիշտ է, տարբեր սննդի կետերից պատվերներ կատարելու դեպքում առաքման գումարը փոխվում է, բայց արդեն 2 և ավելի կետերից պատվիրելու դեպքում կրկնակի էժան է լինում: Օրինակ՝ ստանդարտ առաքման գինը 400 դրամ է, իսկ հավելյալ առաքման կետերի դեպքում ավելանում է յուրաքանչյուրի դեպքում 200 դրամ: Անգամ կայքում կա հատուկ բաժին, որտեղ ներկայացված են այն ռեստորանները, որոնց առաքումն անվճար է:



«Մյուս առավելությունն այն է, որ հնարավորություն կա օնլայն վճարելու: Մարդիկ կարող են այսկերպ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտասահմանից հյուրասիրություն ուղարկել Հայաստանում բնակվող իրենց բարեկամներին և ընկերներին: Այս առումով ամենահարմար տարբերակը հենց Menu.am-ն է, նրանք կարող են վճարել, իսկ մենք առաքենք: Սա անակնկալներ մատուցելու համար շատ լավ հարթակ է»,- նշեց Menu.am-ի տնօրենը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում տենդենցը հենց գնում է նրան, որ մարդիկ կամաց-կամաց տարբեր պատվերներ, առաքումներ, ամրագրումներ կատարում են օնլայն ձևով՝ հին մեթոդները թողնելով անցյալում: Նա օրինակ է բերում Booking.com կայքը, որով մարդիկ ավելի շատ են հյուրանոցային համար ամրագրում, քան այլ ճանապարհներով: Կամ փոխադրման համար մարդիկ ավելի շատ են սկսել դիմել օնլայն տաքսիներին, զանգով պատվեր գրանցելու փոխարեն:



Menu.am-ի առավելություններից է նաև այն, որ հաճախորդները կարող են կայքում կամ բջջային հավելվածում տեսնել ռեստորանների տրամադրած զեղչերը, համադրել դրանք և իրենց համար ընտրել լավագույնը:

Ընկերությունը նաև հարմարավետ պայմաններ է ստեղծում ոչ միայն իր հաճախորդների, այլ նաև աշխատակիցների համար: Սևադա Բաղդյանը նշում է, որ Menu.am-ում վարորդ-առաքիչները ամսական միջինը 250-300 հազար դրամ են վաստակում, բայց շատ են լինում դեպքեր, որ նրանց ամսական եկամուտը կազմում է 400-450 հազար դրամ:

«Մեր ընկերությունում վարձատրում են ըստ աշխատածի, արժանի ձևով: Մարդ, ով մեզ մոտ շատ աշխատի, անհնար է, որ քիչ գումար վաստակի: Բոնուսային համակարգեր են գործում՝ շատ պատվերների և լավ սպասարկման համար: Թեյավճարներն են ամբողջությամբ մնում առաքիչին, անգամ դեպքեր են եղել, որ առաքիչները մինչև 10 հազար դրամի չափով թեյավճար են ստացել մեկ պատվերից»,- ասաց նա:



Մյուս առավելությունը աշխատակիցների համար, ըստ տնօրենի, ընկերությունում կարիերայի աճի հնարավորությունն է: Սևադա Բաղդյանի տվյալներով՝ ղեկավար կազմի մոտ 50 աշխատակից հենց ներքին աշխատողներ են, ովքեր շարքայինից դարձել են ղեկավարներ: Օրինակ՝ Menu.am-ի Բելառուսի մասնաճյուղի ներկայիս տնօրենը 5 տարի առաջ եղել է օպերատոր զանգերի կենտրոնում:

«Նոր վարորդ-առաքիչներ ներգրավելու համար մենք օգնում ենք նաև հեծանիվը ապառիկով վերցնել: Քանի դեռ վարորդ-առաքիչը աշխատում է մեզ մոտ, մենք ենք ապառիկը մարում, որ օրը նա որոշում է այլևս չաշխատել և դուրս գալ, այդ ժամանակ ապառիկը վճարում է ինքը: Ընդ որում, այդ ժամանակահատվածում նա ստանում է նույն աշխատավարձը, ինչ-որ մյուս առաքիչները: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում նա ունենում է անվճար հեծանիվ և բարձր վարձատրվող աշխատանք»,- ասաց Menu.am-ի տնօրենը:



Ընկերության վարորդ-առաքիչ Գարո Համբարսումյանֆարդը, ով Իրանից է ժամանել և 2017 թ. հոկտեմբերից աշխատում է Menu.am-ում, նշեց, որ մինչ աշխատանքի անցնելը չէր հավատում այդչափ բարձր աշխատավարձին, բայց ընդունվելուց հետո համոզվել է դրանում:

«Ժամանակին գովազդներ էի տեսնում, որտեղ գրված էր աշխատավարձի չափը և չէի հավատում, կարծում էի՝ շատ բարձր աշխատավարձ է նշված։ Հետո ընդունվեցի աշխատանքի ու որոշ ժամանակ հետո իմացա, որ իրոք այդքան են ստանում առաքիչները, մի բան էլ ավելի բարձր աշխատավարձի հնարավորություններ կան։ Կարևորը բարեխղճորեն աշխատելն է»,- նկատեց վարորդ-առաքիչը:

Գարոյի համար Menu.am-ում աշխատելու ամենահարմար կողմը գրաֆիկի ճկունությունն է: Մասնավորապես, դա թույլ է տալիս, որ մարդը կարողանա համատեղել վարորդ-առաքիչի աշխատանքն իր հիմնական աշխատանքի հետ:

«Ինձ դուր է գալիս նաև այն դրայվը, որը ստանում ես աշխատանքի ժամանակ։ Այն մարդը, ով սիրում է դրայվը, կսիրի նաև առաքիչի գործը: Երբ ընդմիջման ծանրաբեռնված ժամերին ամեն ինչ անում ես, որ ճիշտ ժամանակին հասնես հաճախորդին։ Առաքիչ աշխատելուց օրվա մեջ մոտ 20 անգամ քեզ հետաքրքիր անակնկալ է սպասվում. լինում է, որ դուռը բացում է պատգամավոր, դերասան, ուսուցիչդ: Նման միկրոհետաքրքիր իրավիճակներ շատ են լինում»,- հայտնեց նա:

Առաքիչ-վարորդը պատմեց իր հետ պատահած ամենահետաքրքիր դեպքը. «Երկու ընկեր շաուրմա են պատվիրում՝ մեկը սոխով էր ուզել, մյուսն առանց սոխ: Պատվերը առաքում եմ, ուտում վերջացնում են, մի կես ժամ հետո զանգում են ինձ՝ սխալ ես բերել պատվերը, իմ շաուրման առանց սոխ պետք է լիներ, ընկերոջինս՝ սոխով»:

Menu.am ընկերությունում որպես համակարգչային օպերատոր աշխատող Մարինա Արշակյանը ևս զավեշտալի դեպք հիշեց, որը իր հետ պատահում է գրեթե ամեն օր։

«Մենք ընտանի կենդանիների կեր ենք առաքում, սովորաբար մարդիկ հենց դրանից են պատվիրում, բայց հետաքրքիր է, որ այս մարդը ամեն երեկո ռեստորանից խորոված է պատվիրում իր շունիկի համար»,- պատմեց Մարինա Արշակյանը:



Համակարգչային օպերատորը նույնպես նշում է այն փաստը, որ վերջին շրջանում մարդիկ ավելի շատ են սկսել պատվիրել բջջային հավելվածի միջոցով:

«Զանգելով շատ ավելի դժվար է և ժամանակատար: Հավելվածը հարմար է նախ, որովհետև ունենք պատվերների պատմություն բաժին: Ցանկացած պատվեր գրանցվում է այդտեղ և հաջորդ անգամ նույն պատվերը կրկնելու համար կարող եք երկու հպումով նույն պատվերը կրկնել: Բացի այդ, զանգով պատվերի ընդունման դեպքում օպերատորին բանավոր բացատրելը ժամանակատար է, իսկ այսպես ավելի արագ և ավելի ճշգրիտ է ստացվում»,- հայտնեց նա:

Հավելվածի մյուս առավելությունը բանկային քարտը կցելու հնարավորությունն է: Հաճախորդը ամեն անգամ նորից քարտի տվյալները չի հավաքում օնլայն վճարում կատարելու համար:

«Հաճախորդներին գոհացնելու և պատվերները չուշացնելու համար երբեմն այլ բաժինների աշխատողները միանում են մեզ, քանի որ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդ, և մեր համախմբված թիմը ջանք չի խնայում հաճախորդին գոհացնելու համար։ Ունենք մեծ զանգերի կենտրոն, ամեն ինչ անում ենք, որ շատ արագ մշակենք և փոխանցենք բոլոր պատվերները։ Երբեմն լինում են այնքան ծանրաբեռնված օրեր, որ այլ բաժինների աշխատողների մի մասը հագնում են ականջակալներ, միանում են մեզ և սկսում են պատվերներ ընդունել, իսկ մյուս մասը սեփական մեքենաներով կամ տաքսիներով առաքումներ են իրականացնում»,- ասաց Մարինա Արշակյանը: