Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կապ ենք հաստատել, անհանգստանալու որևէ հարց չկա. «ՀԺ» տնօրեն

19:49 • 30.01.18

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հետ խմբագրությունից կապ են հաստատել և տեղեկացել, որ անհանգստանալու որևէ խնդիր չկա. Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «ՀԺ» օրաթերթի տնօրեն, թողարկման  պատասխանատու Հայկ Գևորգյանը:   

«Կապ ենք հաստատել Աննայի հետ, լուրջ անհանգստություններ, բնականաբար, չկան, խնդիրը միայն բյուրոկրատական քաշքշուկի մեջ է, որը լուծվել է առանց բացասական հետևանքների»,-ասաց Գևորգյանը:

Նշենք, որ Տիգրան Բալայանը armtimes.com կայքի հետ զրույցում նշել է, թե տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ձերբակալել, բայց Փաշինյանը կտրականապես կապի դուրս չի գալիս:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում գրառում էր կատարել, որ Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը: Ոստիկանությունից, սակայն, հայտնել են, որ «01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»:

Հայկ Գևորգյանը նշեց, որ զույգը Հռոմ կարճ ժամանակով է գնացել և խնդիրը, թերևս, այն է եղել, որ այդ կարճ ժամանակահատվածն անցկացրել են բյուրոկրատական քաշքշուկների վրա:

Ի դեպ` զույգը Իտալիա էր մեկնել ամուսնության տարեդարձը նշելու: