Քանի որ չկան նախնական հաշվարկներ, երթուղային ցանցի նոր նախագիծը վստահություն չի ներշնչում. Ա. Պողոսյան (տեսանյութ)
Բարի նպատակը դեռ չի նշանակում, որ իրոք դա այդպես էլ կլինի. Tert.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ներկայացրած երթուղային ցանցի նոր նախագծին:
Արմեն Պողոսյանի խոսքով, տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագրեր բազմիցս են եղել, բայց որևէ առաջընթաց այս ուղղությամբ չկա, և նոր ծրագրի հետ էլ վերջինս առանձնապես հույսեր չի կապում:
«Այն օպերատորը, որ պետք է գա և կառավարի, ստանալու է ամբողջ հասույթը միանգամից: Ինքը չի զբաղվելու տոմս վաճառելով և գումար հավաքելով, քաղաքապետարանը իրեն երաշխավորած կերպով պետք է ֆինանսավորի և պակասը լրացնի սուբսիդիայի ձևով: Բայց եթե մենք չունենք նախնական հաշվարկներ, վստահություն չի ներշնչում այս ծրագիրը: Նախնական հաշվարկը հետևյալն է՝ հավաքած գումարը, միանշանակ, պակաս կլինի այն ծախսերից, որ պետք է արվի, դա հսկայական տնտեսություն է՝ 1000 ավտոբուս, ցանց, հաշվարկային կենտրոն, որտեղ մարդիկ պետք է աշխատեն: Եթե դա լինի 5 կամ 7 տոկոսի տարբերություն, դա նորմալ է, բայց եթե լինի 50 տոկոս, դա աղետ է: Այսինքն` այդ տարբերությունները պետք է էլի մենք՝ ուղևորներս վճարենք կամ պետբյուջեից հատուցվի, որը էլի նույն մեր գրպանից է»,-ասաց Պողոսյանը:
Ըստ նրա, առանց ծախսերի մասին նախնական հաշվարկների, ներկայացված տրանսպորտային ցանցի արդիականացման մի քանի հարյուր էջանոց փաստաթուղթը վստահություն չի ներշնչում, դեռ ավելին, ըստ նրա, հնարավոր է՝ դա հանգեցնի տրանսպորտի ուղեվարձի թանկացման:
«Բազմիցս բարձրացրել եմ այս հարցը, պատասխանը հետևյալն է ՝ երբ որ կներդրվի համակարգը, կգնվեն մեքենաները, կուսումնասիրվի համաշխարհային շուկան՝ ինչ գների են և այլն, նոր կարվեն հաշվարկները: Բայց շուկան ուսումնասիրելու ի՞նչ կա, ով չգիտի՝ չկա ավտոբուս, որ 4 կամ 5 անգամ թանկ չլինի այժմյան երթևեկող միկրոավտոբուսներից»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ նոր նախագծի՝ 11 հիմնական երթուղիները սպասարկվելու են 18 մետր երկարությամբ մեծ ավտոբուսներով, որոնցում կարող է տեղավորվել 150 ուղևոր։ Սա ըստ Պողոսյանի ևս վիճահարույց է:
«Շատ քիչ փողոցներ ունենք մենք, որտեղ այդ մեծ մեքենաները կարող են երթևեկել՝ 1-2 պողոտա է, և եթե այդ շրջանակում պետք է աշխատեն 18 մետրանոց մեքենաները, ուրեմն տնտեսական էֆեկտիվություն չի սպասվում: Մեր մտահոգությունը մեկն է՝ որակի բարձրացումը ենթադրում է նաև գնի բարձրացում: Եթե խուսափեն գնի թանկացումից, ո՞վ չի ցանկանա երթևեկել եվրոպական արտադրության մեքենաներով, չնայած ցավոք մենք եվրոպականը մինչև այսօր չենք տեսել, միայն չինականն ենք տեսել, եվրոպականները դուրս են մղվում»,-ասաց նա:
Սպառողների միության նախագահի խոսքով ներկայում շահագործվող միկրոավտոբուսների փոխարինումը մեծ ավտոբուսներով, տրանսպորտային միավորների ու երթուղիների կրճատումը առաջացնելու է մեկ այլ խնդիր՝ շատ վարորդներ գործազուրկ են դառնալու:
«Հիմա հերթական փորձն է արվում նախնադարյան կերպով երթևեկելը հանելու, բայց հարցից հարց է առաջանում , իսկ այն մարդիկ, որոնք շահագործում են հիմա, 65-ից ավել տնտեսվարող սուբյեկտներ են, նրանց գույքը, պարտավորություններն ի՞նչ են լինելու: Նրանց սնանկանալը նույնպես բեռ է և՛ սոցիալական առումով, և՛ տնտեսական առումով: Եթե այդ հարցերի պատասխանները չկա, ստացվում է՝ ավելի շատ են հարցերը, քան դրական սպասումները: Հազարից ավելի վարորդներ դուրս են մնալու աշխատանքից, զրկվելու են եկամտի իրենց աղբյուրից, սրանք նույնպես սոցիալական լարման երևույթներ են»,-ասաց նա:
Պողոսյանը Երևանի համար ամենաարդյունավետ տարբերակը համարում է էլեկտրատրանսպորտի շահագործումը, որը լայնորեն կիրառվում է եվրոպական քաղաքներում և ավելի մատչելի է:
«Էլեկտրատրանսպորտը բացարձակ զրոյական արտանետում ունի, որը մաքուր է, հարմարավետ: Էժան է այն իմաստով, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, տեխնիկական լեզվով ասած՝ չծանրաբեռնված հզորությունները, գեներացնող հզորությունները կարող են եռապատկել էլեկտրաարտադրությունը: Այսինքն` այս հարստությունը չօգտագործելը նշանակում է էլի կամ ոչ կոմպետենտություն կամ ավելի վատ՝ ինչ-որ նպատակներ, որպեսզի հատուկ չաշխատի: Հիմա մեր էլեկտրատրանսպորտը ֆիզիկապես ոչնչանում է : Կամայական ոչնչացվում են տրոլեյբուսները, սա կոչվում է ավարտ, հոգեվարք է սա»,-ասաց Պողոսյանը:
Մանրամասները՝տեսանյութում։










