«Մենք չենք դադարել սեր խոստովանել միմյանց». Ռոքսանա Բաբայանը տվել է ամուսնու մահից հետո առաջին հարցազրույցը
Ռուսաստանում բնակվող հայ դերասանուհի և երգչուհի Ռոքսանա Բաբայանն իր ամուսին, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինի մահից հետո տվել է առաջին հարցազրույցը:
Sobesednik.ru-ին տված հարցազրույցում Ռոքսանա Բաբայանը պատմել է հայտնի դերասանի համար ընտանեկան արժեքների կարևորության և իրենց փոխհարաբերությունների մասին:
«Երբ ծանոթացանք Միխալ Միխալիչի հետ, երկուսս էլ արդեն հասուն մարդիկ էինք: Նա մինչ այդ երկու ամուսնություն է ունեցել, ես մի ամուսնալուծություն եմ վերապրել: Եվ իմ դիրքորոշումն այնպիսին էր, որ արվեստով զբաղվող կինը պետք է պարտադիր ամուսնացած լինի: Ես արևելյան մարդ եմ, հնարավոր է՝ այս պատճառով ընտանեկան արժեքներն առաջնահերթ են ինձ համար», - խոստովանել է նա:
Բաբայանի խոսքով՝ ամուսնանալով Դերժավինի հետ՝ ինքը հասկացել է, որ «ամուսնանում է նրա ամբողջ ընտանիքի հետ»:
Նա նաև նշել է, որ 37 տարի համատեղ կյանքի ընթացքում իրենք չեն դադարել սեր խոստովանել միմյանց:
Դերժավինը մահացել է հունվարի 10-ին, 81 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։










