Իտալիան և Ադրբեջանը ունեն ընդհանուր շահեր, բայց դրանք էապես չեն ազդի ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության շեշտադրումների վրա. Ստ. Սաֆարյան
Ես այդքան մեծ սպասումներ չեմ կարող ունենալ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունից կապված արցախյան խնդրի հետ, որ կարող է լուրջ փոփոխություններ բերել առկա ստատուս քվոյում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոյի հայտարարությանը, ըստ որի Իտալիան 2018 թվականին ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում պատրաստվում է առավելագույն ուշադրություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի և կազմակերպության գործողության տարածաշրջանում այլ հակամարտությունների կարգավորման վրա:
«Միանգամայն ցանկալի կլինի, եթե Իտալիայի նախագահությունը աչքաթող չանի և զբաղվի առնվազն հակամարտության մենեջմենթով և խաղաղության պահպանմամբ: Բացի այդ, եթե մենք խոսում ենք իտալական գործոնի մասին, թերևս արժի հասկանալ, որ Իտալիան և Ադրբեջանը ունեն ընդհանուր շահեր: Ի վերջո Տրանսանատոլիական գազամուղը անցնում է նաև Իտալիայով, այսինքն՝ տվյալ դեպքում Ադրբեջանը հանդիսանում է Իտալիայի և ոչ միայն Իտալիայի շրջանի գազի մատակարար, այս առումով կա ընդհանուր շահեր: Սակայն չեմ կարծում, որ դրանք էապես կազդեն գործող նախագահության շեշտադրությունների վրա և կփոխեն հավասարությունը հակամարտության կողմերի, բայցևայնպես Հայաստանը պետք է ուշադիր լինի»,-ասաց նա և նշեց, որ թեև ռիսկ կա, բայց Ադրբեջանի ազդեցության հարցը ուռճացնելու անհրաժեշտություն չտեսավ:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ամեն դեպքում հարցազրույցի ամբողջական տարբերակում ակնհայտ է, որ իտալացի պաշտոնյան ավելի շատ խոսում է Ուկրաինայից և ավելի շատ կարող ենք սպասել Ուկրաինիայում ԵԱՀԿ դերակատարման ակտիվացում:
Քաղաքագետը նկատեց, որ Իտալիան մեծ գլոբալ քաղաքականություն չի վարում, գլոբալ հավակնություններ չունի, որպեսզի մտածենք, թե նա լուրջ փորձ կանի արցախյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ: «Ողջունելի կլինի, եթե Իտալիան հակամարտության գոտում խաղաղությունը ամրապնդելու և ԵԱՀԿ ինստիտուտի ամրապնդելու ուղղությամբ քայլեր կատարի»,-ասաց նա:
Նրա գնահատմամբ՝ արցախյան հակամարտության նկատմամբ ուշադրության սևեռումը դրական է, և սա միակ միջազգային լեգիտիմ ֆորմատն է, որը փորձում է հավասարակշռել և լուծում գտնել հակամարտության կողմերի համար, բայց այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար: «Հետևաբար, այս կտրվածքով ԵԱՀԿ դիրքերի ամրապնդումը միանշանակ բխում է Հայաստանի և հայկական կողմի շահերից»,-ասաց նա:
Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ ոչ աշխարհաքաղաքական միջավայրը, ոչ էլ հակամարտության կողմերի դիրքորոշումները բացարձակապես որևէ հիմք չեն տալիս այդպիսի շուտափույթ լուծում ակնկալելու համար:
«ԵԱՀԿ-ի հիմնական խնդիրն է առնվազն թույլ չտալ հակամարտության վերաբռնկում: Հաշվի առնելով, որ նախագահությունը մեկ տարի է, ապա մեկ տարվա կտրվածքով դա կարող է համարվել նվազագույն խնդիր, որը կարող է լուծել լավագույն դեպքում իտալական նախագահությունը և ԵԱՀԿ-ն: Ավելին ո՛չ աշխարհաքաղաքական միջավայրն է թույլ տալիս, ո՛չ էլ հակամարտության կողմերի վարքագծերը, դիրքորոշումները, գործիքակազմը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում դիտարկմանը, թե ԵԱՀԿ նախագահին կհաջողվի՞ այդ խնդիրը լուծել՝ հաշվի առնելով, որ որոշ վերլուծաբաններ մտահոգություն են տեսնում, որ սահմանին լարվածության աճ է հնարավոր՝ հաշվի առնելով Ադրբեջանի զենքի գնումը, այնտեղ սպասվող ընտրությունները, ապա Ստեփան Սաֆարյանն ասաց, որ չի կարծում, թե հակամարտության լայնամասշտաբ բռնկումը բխում է Ալիևի ընտանիքի շահերից, ով ընտրությունների է պատրաստվում: «Լոկալ արկածախնդրություններ ռիսկ եղել է և կա, և դրանց ինտեսիվությունը թերևս կապված կլինի ավելի շատ նրանից, թե ինչպես կդասավորվեն Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, որոնք հակամարտության կարգավորման վրա ունեն ազդեցություն: Այս կտրվածքով ես ոչ թե կարող եմ կանխատեսել լայնամասշտաբ գործողություններ, այլ փոքր լոկալ մասշտաբի գործողություններ, որոնց կանխման համար դեռևս բավարար քայլեր արված չեն»,-ասաց նա:
Նա կարևորեց, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը իսկապես կյանքի կոչի Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք թույլ կտան կոնֆլիկտի ավելի լավ կառավարում, քան այժմ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ հնչած դժգոհություններին, ապա նա ասաց, որ երկու կողմն էլ ակնհայտ տարբեր դժգոհություններ են ներկայացրել Մինսկի խմբին: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մշտապես դժգոհել է, որ Արցախը իրեն չի վերադարձվում։: Մյուս կողմից ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի մոտ մեծացավ դժգոհություն ԵԱՀԿ-ից, որ այն ի զորու չէ պահպանելու հակամարտության գոտում կայունություն:
«Եթե միջազգային կառույցները, հակամարտության կողմերը ուզում են բանակցություններում առաջընթաց, ապա դրա համար նախևառաջ պետք է ապահովել անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնց մեջ մտնում են նաև պատերազմի վերսկսման ռիսկերի ի սպառ չեզոքացումը: Դա հնարավոր է, եթե ԵԱՀԿ ազդեցությունը և դերը աճի Ադրբեջանի վարքագծի նկատմամբ և կարողանա Ադրբեջանին պահել կառավարելի տիրույթներում»,-ասաց նա:










