«Սլավմեդ» ԲԿ-ում կտրամադրվի անվճար բժշկական օգնություն՝ բոլորին
Քաղաքի փորձառու էնդոկրինոլոգների մոտ խորհրդատվություն ու բուժզննում, ընդ որում՝ բացարձակապես անվճար. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մեկ ամիս շարունակ անվճար բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, ովքեր ունեն բուժօգնության կարիք ու տարբեր պատճառներով հնարավորություն չունեն դիմելու բժշկի:
Tert.am-ի հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանն ասաց, որ հանրապետությունում բավականին տարածված են վահանաձև գեղձի հիվանդությունները, և այդ հիվանդությամբ տառապող մարդկանց թվի աճի ցուցանիշները մտահոգիչ են, իսկ վերջին տարիներին ավելացել է նաև վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների թիվը։ Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով «Սլավմեդ» բժշկական կենտրոնում փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը կտրամադրվի բժիշկ-էնդոկրինոլոգի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին:
«Ակցիայի շրջանակներում բուժկենտրոնի առաջատար էնդոկրինոլոգների կողմից տրամադրվող անվճար խորհրդատվությունն ու բուժզննումը հնարավորություն կտա ժամանակին հայտնաբերել և կանխարգելել հիվանդությունը»,- նշեց Արման Խարազյանը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Վահե Ավագյանի խոսքով, վահանաձև գեղձն արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ T3, T4, որոնք օրգանիզմում կարգավորում են մի շարք կարևոր գործընթացներ: Այս հորմոնների սինթեզի խանգարումից՝ գեղձի հիպերֆունկցիայի կամ հիպոֆունկցիայի դեպքում, ի հայտ են գալիս մի շարք գանգատներ և կլինիկական դրսևորումներ, որոնցից են քաշի ավելացումը, սրտխփոցները, մաշկի չորությունը, մազաթափությունը, նյարդային համակարգի խանգարումները կամ դյուրագրգիռ վիճակը, հաճախասրտությունը և իհարկե զարկերակային ճնշման տատանումները:
Ինչ վերաբերում է վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մեթոդներին, Վահե Ավագյանը նշեց, որ հիվանդության ախտորոշման հիմնական մեթոդներից են արյան շիճուկում թիրեոիդ հորմոնների մակարդակի որոշումն ու վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը. «Հիվանդությունն ախտորոշվում է ինչպես գանգատների առկայության, այնպես էլ սկրինինգային մի շարք հետազոտությունների արդյունքում: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է կանանց շրջանում, սակայն ներկայում հիվանդության աճի տենդենց է նկատվում նաև երեխաների և տղամարդկանց մոտ: Այս հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանն ու ճշգրիտ ախտորոշմանը նպաստում են կենտրոնում ներդրված վերջին սերնդի ախտորոշիչ և լաբորատոր հետազոտության համար նախատեսված լավագույն սարքավորումները: Կատարվող հետազոտությունների արդյունքում հայտնաբերված հանգույցներն ու գոյացությունները հաճախ պահանջում են վիրահատական բուժում, իսկ բուժման ճշգրիտ պլանի համար որոշ դեպքերում կարիք է լինում նաև իրականացնել բարակասեղային պունկցիոն բիոպսիա, որի արդյունքում էլ որոշվում է բուժման հետագա տակտիկան, որը կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական»,- նշեց բժիշկ Ավագյանը:
Թիթեռնիկ հիշեցնող այս գեղձն իրականում օրգանիզմում կարևոր գործունեություն է իրականացնում, որով պայմանավորված է մարդու մարմնի քաշը, աշխատունակությունը, տրամադրությունը, ինչպես նաև ինքնազգացողությունը, սակայն մարդիկ հաճախ են անտեսում այս գեղձի կարևորությունը և հիվանդության նախանշանները կապում են տարբեր հանգամանքների հետ` այդ թվում նաև ժառանգական նախատրամադրվածության:
Բժիշկի խոսքով, ընդհանրապես, վահանաձև գեղձի որոշակի մեծացում նկատվում է սեռական հասունացման, հղիության, լակտացիայի շրջաններում: Այս ժամանակահատվածում գեղձի չափերի փոփոխությունները հիվանդագին բնույթ չեն կրում, սակայն կյանքի այլ փուլերում արդեն գեղձի ձևափոխումները կարող են անհանգստություն պատճառել։ «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից, այցելել բժշկի՝ փաստելու կամ բացառելու հիվանդության առկայությունը: Մենք կարևորում ենք մեր քաղաքացիների առողջությունը և անում հնարավորը նրանց առողջության պահպանման ու վերականգնման համար»,- եզրափակեց բժիշկ-էնդոկրինոլոգը:
Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում առանց խոչընդոտների և ավելորդ վճարումներ կատարելու սպասարկվում են նաև սոցփաթեթի շահառուներն ու բժշկական ապահովագրություն ունեցող անձինք՝ մեկ պատուհան սկզբունքով, ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:.jpg?1517316336761)
















