Ուրուգվայի հայ համայնքն իր բողոքն է հայտնում Էրդողանի՝ երկիր կատարելիք այցի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկա կատարելիք շրջագայության ընթացքում փետրվարի 7-8-ը նախատեսում է այցելել Ուրուգվայ, սակայն երկրի հայ համայնքը միջոցներ է ձեռնարկում Էրդողանի այցի հետ կապված իրենց բողոքը հայտնելու մասին:
Ինչպես հաղորդում է El País պարբերականը, Ուրուգվայի հայ համայնքը, որը 15 000 բնակիչ ունի, արդեն քայլեր է ձեռնարկում բողոքի ակցիա կազմակերպելու ուղղությամբ, հատկապես սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածելով:
Հայ համայնքը չի պատրաստվում լռել և ցանկանում է Էրդողանին պատասխանատվության կանչել Հայոց ցեղասպանության համար:
Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը հրաժարվել է մեկնաբանել այցի հետ կապված տրամադրությունները և ասել է, որ «հայտարարություն չունի անելու»:
Երկրի Ազգային կուսակցության պատգամավոր Պաբլո Աբդալան նույնպես իր դժգոհությունն է հայտնել Էրդողանի այցի հետ կապված՝ ընդգծելով, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որը ճանաչել է Ցեղասպանությունը, սակայն նշել է նաև, որ իրենց երկիրն առևտրական և դիվանագիտական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ:










