Գերմանիայում դատարանը «թույլատրել» է ընկույզներին ընկնել կայանված ավտոմեքենաների վրա

17:13 • 30.01.18

Գերմանիայի Հեսսեն երկրամասի Ֆրանկֆուրտ քաղաքի բնակչուհին դատարան է դիմել՝ պահանջելով փոխհատուցել իր ավտոմեքենայի վրա ընկույզների ընկնելու հետևանքով հասցված վնասը: Այս մասին հայտնում է Frankfurter allgemeine Zeitung-ը:

Քաղաքի շրջանային դատարանը որոշում է կայացրել, որ այս դեպքում խոսքը «բնական գործոնի» մասին է, և հայցվորը պետք է պատրաստ լինի դրան, քանի որ նա է կրում այդ տարածքում ավտոմեքենան կայանելու ռիսկի պատասխանատվությունը: Դատավորը նաև նշել է, որ ծառերի առկայությունն օգտակար է քաղաքի ամբողջ բնակչության համար, և հողամասի տերը պատասխանատու չէ փոխադրամիջոցի վնասի համար:

Կնոջ հայցի համաձայն՝ ուժեղ քամու ժամանակ իր հարևանի ծառից մի քանի ընկույզ և ճյուղ ընկել է իր ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն:

Ավտոմեքենայի տիրոջ խոսքով՝ ինքը մոտ 4 հազար եվրո է ծախսել փոխադրամիջոցը վերանորոգելու համար: Կինը պահանջել է հարևանից, որ նա կտրի ծառը կամ առնվազն հատուկ կոնստրուկցիա տեղադրի՝ ավտոմեքենաները պաշտպանելու համար: