Մխիթարյանը չկարողացավ փրկել «Արսենալին» պարտությունից (տեսանյութ)

01:40 • 31.01.18

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» «Լիբերտի» ստադիոնում հյուրընկալվեց «Սուոնսիին» և պարտվեց 1:3 հաշվով: 

 

«Զինագործները» բացեցին խաղի հաշիվը 33-րդ րոպեին: Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը: 

 

Ընդամենը 1 րոպե անց տանտերերը հավասարեցրին հաշվի տարբերությունը: Ալֆի Մոուսոնի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Սեմ Կլուկասը: Երկրորդ խաղակեսում «Սուոնսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: 

 

61-րդ րոպեին «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի և պաշտպանների սխալի արդյունքում գոլ խփեց Ջորդան Այուն: 86-րդ րոպեին Սեմ Կլուկասը դարձավ դուբլի հեղինակ` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: 

 

«Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ խաղի 60-րդ րոպեին: 

 

Այս խաղից հետո «Արսենալը» 42 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Սուոնսին» 23 միավորով բարձրացավ 17-րդ տեղ: Նշենք, որ «Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին` մրցելով «Էվերթոնի» հետ: 

 

«Սուոնսի»-«Արսենալ»` 3:1

 

Գոլերը` Կլուկաս (34, 86), Այու (61) - Նաչո (33)