Եթե հրաշքով Վազգենն իմ կողքին լիներ և միասին ասեինք, որ սուտ է, մեր միջև կոնֆլիկտ չի եղել, կլինեին «սրամիտ» մարդիկ, որ կասեին՝ պայմանավորվել են․ Արմեն Սարգսյան

02:24 • 31.01.18

 

Ես քսան տարի չեմ խոսել այդ մասին, որովհետև դժվար է խոսել անձնական կյանքի մասին, բայց, քանի որ Նախագահն ինձ նախագահի թեկնածու առաջադրելու ցանկություն է հայտնել, հասկանում եմ, իհարկե, կան սահմաններ, բայց կան դրվագներ, որ պետք է պարզաբանեմ։ Այս մասին ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով իր և Սպարապետ Վազգեն Սարգսյանի միջև եղած կոնֆլիկտի մասին խոսակցություններին։    

«Բացառվում էր, որ իմ ու Վազգենի միջև կոնֆլիկտ լիներ, մանավանդ, որ մենք շատ լավ բարեկամներ ենք եղել միշտ։ Եթե այսօր նույնիսկ հրաշքով Վազգենն իմ կողքին լիներ և միասին ասեինք, որ սուտ է, կլինեին «սրամիտ» մարդիկ, որ կասեին՝ պայմանավորվել են»,-ասել է Արմեն Սարգսյանը։

Նրա ձևակերպմամբ՝ սուտ լուրի ֆենոմենը գլոբալիզացիայի հետևանք է, սուտ լուրի ֆենոմենը կարող է հսկայական ազդեցություն ունենալ։ Արմեն Սարգսյանը վստահեցրել է, որ չարամիտ սուտ է, թե իր և Վազգեն Սարգսյանի միջև կոնֆլիկտ է եղել։

«Ես շատ մարդկանց հետ խոսում եմ, քննարկում եմ, վիճում եմ, դա իմ ոճն է, բայց շատ քիչ մարդ կարող է ասել, որ ինձ հետ նույնիսկ ձայն է բարձրացրել վիճելու ժամանակ։ Մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ունեմ այդ ցանկությունը, ոճը մարդկանց հետ հանգիստ խոսելու և համոզելու, գուցե դա իմ մասնագիտությունից  է, գուցե իմ բնությունն է այդպիսին»։ 

Արմեն Սարգսյանը հիշել է, որ 1997 թ․ ինքը ծանր հիվանդություն է ունեցել, սկզբում ինքն էլ չի գիտակցել այդ հիվանդության ծանրությունը։ Նա ասել է, որ ինքը մի քանի հոգու է երախտապարտ, որ իրեն ժամանակին ստիպել են լուրջ զբաղվել իր առողջությամբ։ «Նրանցից առաջինը Եվրոպական բանկի նախկին նախագահ, Ֆրանսիայի նախկին Ֆինանսների նախարար Ժակ Դելառոսիեն էր։ Ժակն ասաց՝ Արմեն դուրս չես գալիս, շատ ես նիհարել, հիվանդագին տեսք ունես, ասացի` հոգնած եմ, ասաց՝ չէ, ես քեզ հետ ոչ մի վարկի հարց չեմ քննարկի, մինչև չհանդիպես բժշկիդ։ Բժշկի հետ հանդիպելուց հետո պարզվեց, որ ես հիվանդություն ունեմ, որը կարող է շատ ծանր լինել և դրա համար պետք է հաջորդ հետազոտությունը, և գուցե շտապ վիրահատության անհրաժեշտություն լինի»։

Արմեն Սարգսյանը պատմել է, որ հետազոտությունից հետո վերադարձել է Հայաստան, այդ լուրը հայտնել է հանրապետության նախագահին, փոքր խմբով գործընկերներին, որոնց մեջ են եղել և Բաբկեն Արարքսյանը, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը, գործընկերները պնդել են, որ շտապ մեկնի բուժվելու։ «Նրանց շնորհակալ եմ, որովհետև եթե ես չմեկնեի կամ մեկ-երկու ամիս ուշ մեկնեի, անդառնալի կարող էին լինել հետևանքները։ Ես չէի գիտակցում հիվանդության խորությունը, որովհետև պաշտոնի պատասխանատվությունը թույլ չէր տալիս գիտակցել իրականությունը։ Մեկնեցի բուժման Լոնդոն, օդանավակայանից ինձ Վազգեն Սարգսյանը ճանապարհեց։ Վիրահատվեցի, հետո մեկուկես տարի շարունակ շատ ծանր բուժման ճանապարհ անցա և, կարծում եմ, եթե Ժակ Դելառոսիեն, հանրապետության նախագահը և գործընկերներս ինձ չստիպեին մեկնել բուժվելու, այսօր ուրիշ մարդ կլիներ այստեղ նստած»։

Արմեն Սարգսյանը պատմել է նաև Վազգեն Սարգսյանի հետ կապված մի դրվագ։   

«95-ին Երևանում էինք, իմ մոտ մեկ տարվա աշխատանքից հետո տասը-տասնհինգ մեքենա էի ձեռք բերել, գտել էի դրանք, որոնք շատ անհրաժեշտ էին բանակին, բայց ոչ մեկին չէի ասել։ Կառավարական ամառանոցում հանդիպեցինք, ասացի՝ թենիս խաղանք։ Խաղացինք` պայմանով, որ եթե Վազգենը հաղթի՝ ես իրեն մեկ դյուժին զինվորական մեքենա եմ ուղարկելու, կփորձեմ գտնել, իսկ եթե ես հաղթեի՝ իր ցանկությամբ նվեր պիտի տար։ Վազգենը վերջին պահին հաղթեց, ձեռքը սեղմեցի, մեքենաների լուսանկարը ցույց տվեցի, Վազգենը փաթաթվեց, համբուրեց, ասաց՝ դու դաղալություն արեցիր, պարտվեցիր։ Հաջորդ օրը, որ պետք է մեկնեի, օդակայան եկավ` ինձ ճանապարհելու, ասաց՝ ես վստահ չեմ, որ դու պարտվեցիր, դիտավորյալ արեցիր, դրա համար նվեր եմ բերել, Լոնդոնում կբացես նվերը։ Բերել էր վազգենական նվեր, Լոնդոնում բացեցի, տեսա անվանական ատրճանակ էր»,-վերհիշել է Արմեն Սարգսյանը։