Հարցը միայն այն չէ՝ ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ եթե ընդունում ես, ինչ ես անելու և ինչպես. Արմեն Սարգսյանը` Նախագահի առաջարկի և ժամանակ խնդրելու որոշման մասին
Երբ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց նախագահի պաշտոնում առաջադրել իմ թեկնածությունը՝ շատ անսպասելի չէր, բայց դրանից առաջ խոսակցություն չէր եղել նախագահի հետ, բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի, և սա ձև չէ։ Այս մասին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում։
«Շնորհակալ եմ Նախագահին, որովհետև ինքնին առաջարկությունը մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ, որ Նախագահն ինձ հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի՝ մտածելու և վերջնական որոշման գալու։ Իրականում շատ պարզ պատճառներ կան։ Այս պետությունը զուտ կառավարման իմաստով ընդամենը 26 տարվա ընթացքում անցել է հստակ նախագահական համակարգից կիսանախագահականի և հիմա անցավ խորհրդարանական համակարգի։ Հետևաբար, առաջարկը, որ ինձ արվում էր, դեսպանի պաշտոն չէր, չէր տրվում նախագահական համակարգում վարչապետի պաշտոնի առաջարկ, ինչպես 96 թ․ հանրապետության առաջին Նախագահն ինձ առաջարկեց, և այդ ժամանակ նույնպես ես ոչ միայն երկար մտածեցի, քննարկեցի, շատ երկար պրոցես եղավ, մինչև համաձայնեցինք ես և Նախագահը, որ սա է ճանապարհը։ Հարցը միայն այն չէ՝ ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ եթե ընդունում ես, ինչ ես անելու և ինչպես»,- ժամանակ խնդրելու որոշումը պարզաբանել է Արմեն Սարգսյանը։
Նրա բնորոշմամբ` հանրապետության նախագահի իրավունքները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրությամբ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այլ հարց է, ըստ Արմեն Սարգսյանի, երբ մարդիկ գնահատական են տալիս խորհրդարանական հանրապետության նախագահի պաշտոնին՝ առանց իշխանության, առանց լիազորությունների, որոնց հետ ինքը համաձայն չէ։ «Եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ այն եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին է։ Հասկանալի է նաև, որ Սահմանադրությամբ Սահմանադրության գծված սահմանները չես կարող անցնել այս կամ այն կողմ։ Եվ հասկանալի է, որ հանրապետության նախագահն իր գործունեության ընթացքում պետք է պահպանի Սահմանադրության և՛ տառը, և՛ բառը։ Սակայն, նույն տառերով և բառերով կարող ես տարբեր նախադասություններ կազմել և նույն տառերով և բառերով բարբեր մտքեր ստեղծել՝ և՛ լավ , և՛ վատ, և՛ ճիշտ, և՛ սխալ»։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ նախագահի թեկնածուի առաջարկն «անսպասելի սպասված էր»։
«Երկար տարիներ իմ անունն այս կամ այն մարդիկ շահարկել են ամեն նախագահական ընտրության ժամանակ, վարչապետի նշանակման ժամանակ։ Ես դրանց շատ հանգիստ էի վերաբերվում, սակայն 2000 թ․հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից, ինչ-որ իմաստով դարձա ազատ մարդ, իմ կյանքը լրիվ փոխվեց, դեպի համալսարան, դեպի ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանքներ մեծ ընկերությունների հետ, սա ինձ մեծ հետաքրքրություն և հաճույք էր պատճառում»,-պատմել է դեսպանը։
Նա նշել է, որ նախ շատ լավ էր վարձատրվում, և երկրորդը՝ հոյակապ դպրոց էր իր համար՝ փորձելու այն մտքերը, առաջարկները, որ ուներ իրական կյանքում, իրական բիզնեսում, իրական տնտեսության մեջ։ Նա հետաքրքրություն ունի էներգետիկ ոլորտի, նավթային ոլորտի, տելեկոմունիկացիայի և շատ ուրիշ ոլորտների նկատմամբ։ «Այսինքն՝ ես իրական կյանք մտա այդ ճանապարհով։ Հետևաբար` այդ տարիներին նմանատիպ շատ հաղորդագրություններին հումորով էի վերաբերվում։ 2011 թ․ հետո իմ կյանքի այս էտապն էլ բավարարություն ստացավ, և իմ հետաքրքրությունները նորից ուղղվեցին դեպի հասարակական կյանք, դեպի միջազգային հարաբերություններ, նաև համալսարան, այն, ինչ սիրում եմ։ Այդ ժամանակ իմ մտքում առաջացան մտքեր՝ իսկ եթե ինձ առաջարկեն նախագահի թեկնածու կամ վարչապետ, այո կամ ոչ։ Բայց Աստծո ճանապարհները երբեք չես կարող կանխագուշակել»։
Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ ճանապարհի սկիզբն իր համար շատ ցավալի է եղել, որովհետև իր` դեսպան դառնալու պատմությունը ոչ այլոց, ոչ էլ իր կողմից էր ծրագրված։ «Եղավ այն ողբերգական դեպքից հետո, երբ շատ լավ դեսպան Կարինե Ղազինյանը ծանր հիվանդությունից, վիրահատվելուց հետո Միացյալ Նահանգներում մահացավ։ Կարինեն ուսանողական ընկեր էր, որին ես Լոնդոնում շատ աջակցում էի ամեն ինչով, որպեսզի իր պարտականությունները կատարի։ Նա շատ եռանդուն, լեցուն,շատ հայրենասեր անձնավորություն էր։ Երկար ժամանակ դեսպանի տեղը դատարկ մնաց, երբ նախագահի հետ 2013 թ․ամռանը խոսում էինք, նա ինձ առաջարկեց վերադառնալ։ Այդ ժամանակ նույնպես ժամանակ խնդրեցի, որ մտածեմ, չնայած դեսպանի պաշտոնն ինձ համար ծանոթ էր։ Իրականում միևնույն է, այդ կոչումն առանց պաշտոնի կատարում էի՝ ներկայացնելով մեր երկիրը բոլոր հնարավոր ձևերով, սակայն խնդրեցի ժամանակ և ասացի՝ կհամաձայնեմ, եթե ես այդ աշխատանքը կատարեմ առանց վարձատրվելու՝ բոլոր իմաստներով` ո՛չ աշխատավարձ, ո՛չ տան վարձ, ո՛չ մի բան»։
Նախագահի՝ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն այդպիսով փորձել է ինչ-որ ձևով աջակցել հանրապետությանը, կառավարությանը, բյուջեին, որովհետև, նրա ձևակերպմամբ, դեսպանի ծախսերը բավականին մեծ են, և ընդհակառակը՝ իր և ընտանիքի միջոցներից շատ միջոցառումներ է ձեռնարկել, համարելով իր կողմից «հայրենիքին լրիվ չվերադարձրած պարտքի մի մաս»։
Անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր անունը կապելու մասին խոսակցություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ պատմությունը հերթական սխալ ձևակերպված կամ սուտ լուրերից մեկն է։ «Ես, իմ ընտանիքի կամ ընտանիքի հետ կապված որևէ անդամ, որևէ կազմակերպություն, ընկերություն երբեք, նախկինում, այսօր, ամենայն հավանականությամբ` վաղը այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք։ Սա կարճ ձևակերպումն է»։
Արմեն Սարգսյանը պատմել է, որ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ ինքն առնչվել է վերջին անգամ հինգ տարի առաջ։ Բացի դրանից`«Լիդիանը» Կանադայում գրանցված ընկերություն է, այսինքն ՝ բաց ընկերություն է։ «Կանադան, լինելով աշխարհի լավագույն պետություններից մեկը, որտեղ լեռնարդյունաբերությունը լավ կազմակերպված է, բաց ընկերության բոլոր բաժնետերերը հստակ են։ Կարող են հարցում անել Լիդիանին կամ Կանադայի համապատասխան մարմիններին՝ արդյոք Արմեն Սարգսյանը, կինը, որդիները, հորաքրոջ տղան, կամ որևէ մեկը ընկերության բաժնետեր եղե՞լ են, թե՞ ոչ։ Պատասխանը լինելու է՝ ոչ։ Դրա համար շատ ժամանակ պետք չէ։ Լիդիանի հետ իմ հարաբերությունը եղել է շատ պարզ․սա հին պատմություն է։ «Լիդիան» ընկերությանը ծանոթացել եմ երկու հոգու միջոցով։ Կարինե Ղազինյանը, որպես դեսպան, ասաց, որ կա այսպիսի ընկերություն, հետաքրքրված է Հայաստանով, երկրաբանությամբ է զբաղված։ Մյուսը Լիդիան ընկերության բաժնետեր ընկերություններից մեկի ղեկավարն է` անունը Ջոզեֆ Ուգուրլյան է։ Ջոզեֆը հայկական ծագում ունի, նա ինձ ներկայացրեց և առաջարկեց, որ ես խորհուրդ տամ, թե ինչպես Լիդիանն աշխատի Հայաստանում և առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատու։ Միայն այդ ֆունկցիայով, ընդ որում` անկախ խորհրդատու»։
Արմեն Սարգսյանի հավաստիացմամբ՝ ինքը ընկերության խորհրդատվական մարմնի անդամներից մեկն է եղել, ընդ որում` անկախ անդամ։ «Անկախ խորհրդատուն չէր կարող բաժնետեր լինել, սա էլ մեկ այլ պատճառ, որ չէի կարող լինել բաժնետեր։ Խորհրդի անդամ եղել եմ երեք ամիս»,– նշել է նա։










