Արամ Մանուկյանի արձանի՝ համացանցում հրապարակված տարբերակը 2 փուլով անցած մրցույթում չի քննարկվել և չի քվեարկվել. Հաղթանակ Շահումյան

12:57 • 02.02.18

Հայ ականավոր պետական ու ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը տարակուսած է, թե Արամ Մանուկյանի այդ ինչ արձանի լուսանկար է հրապարակվել համացանցում, քանի որ 2 փուլով անցած մրցույթում նման տարբերակ չի քննարկվել և քվեարկվել: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց  Հաղթանակ Շահումյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արամ Մանուկյանի  արձանի մակետի լուսանկարը, ինչպես նաև հրապարակել մրցութային հանձնաժողովի կազմը:

«Տարբերակը, որ տեսա Ֆեյսբուքում, չի եղել կոնկուրսում: Մրցութային երկու նիստ է եղել, հանձնաժողովը երկու անգամ է  հավաքվել, և   նման օրինակ չի եղել: Բացի այդ, եղածներից էլ առաջին մրցանակ ստացող չի  եղել: Եղել է  2-րդ մրցանակ՝ խրախուսական, որը ստացավ Դավիթ Մինասյանը:  Իսկ այս տարբերակը, որ ներկայացված է, կոնկուրսի ժամանակ չի եղել, բայց համացանցից տեղեկացա, որ անգամ ավագանիում քննարկման է դրվել ու, իբր, հավանության է արժանացել: Թող իզուր ոչ մի բան հանձնաժողովի վրա չբարդեն»,-ասաց նկարիչը: Ի դեպ, նա մրցութային հանձնաժողովի 2 նիստերին էլ մասնակցել է:

Հարցին, թե հրապարակված լուսանկարի տարբերակը շա՞տ է տարբերվում 2-րդ մրցանակին արժանացածի էսքիզից, Հաղթանակ Շահումյանը կրկնեց՝ այս տարբերակը չի եղել և անգամ չգիտի՝ ով է հեղինակը:

«Մանավանդ գույնով, բանով: Ես չեմ էլ պատկերացնում, թե դա ինչ նյութերով պետք է արվի: Հետո… ես չգիտեմ, այն, ինչ տեսա, շատ կասկածելի բան է: Գիտեք ինչ, հանձնաժողովում պրոֆեսիոնալներ են, մարդկանց իզուր թիրախ պետք չէ դարձնել»,-հավելեց արվեստագետը:

Նա տարակուսում է, որ հնարավոր է՝ այդ տարբերակն են ուզել, բայց դա արդեն   քաղաքային իշխանությունների խնդիրն է: Նկարիչը նշել է, որ նույն կերպ Երևանի քաղաքապետարանը տեղադրել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանը, թեև այն անգամ մեկ կողմ ձայն չի ունեցել:

Tert.am-ը Հաղթանակ Շահումյանի հայտնած տեղեկությունը փոխանցեց «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանին և փորձեց տեղեկանալ՝ ինչ արձանի նկար է նա հրապարակել: «Ելք»-ի անդամն առաջարկեց այդ հարցով դիմել մրցութային հանձնաժողովի նախագահին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին: Վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չի պատասխանում: