Հիմնական լիազորությունը պաշտպանության ուղղությունները որոշելն է. ԱԺ-ը քննարկում է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագիծը (ուղիղ)

14:05 • 08.02.18

Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխությամբ նախատեսված էր, որ վարչապետը գլխավորելու է Անվտանգության խորհուրդը, և կարգը պետք է սահմանվի օրենքով:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ըստ առաջարկված նախագծի՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության պետը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

«Հիմնական լիազորությունները սահմանված են «Պաշտպանության մասին» օրենքով, և հիմնական լիազորությունը պաշտպանության ուղղությունները որոշելն է»,-ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով:

«Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ մնացած խորհրդատվական որոշումները հաստատելու համար բավարար կլինեն խորհրդի անդամների մեծամասնության ձայները»,-շեշտեց Հովհաննիսյանը: