Չնայած «Ելքի» կոչին՝ նման անորակ օրենքներ չբերել, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» նախագիծը (ԱԺ նիստը՝ ուղիղ)

10:46 • 08.02.18

Կառավարության ներկայացրած «Միջհամայնքային միավորումների մասին» նախագիծը և կից փաթեթը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ դրեց քվեարկության. այն ընդունվեց 61 կողմ, 38 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ում խոսքով՝ այս օրենքով սահմանափակվում է մանր ու փոքր բնակավայրերի մասնակցությունը համայնքային, մարզային կյանքին, սրանով նաև կանանց և ընդդիմախոս ձայներն են լռեցվելու:

«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ այս օրենքի նախագիծը հակասահմանադրական դրույթներ է պարունակում: Նա կոչ արեց նման անորակ օրենքներ չբերել ԱԺ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ միակողմանի ռեֆորմ անելը նշանակում է հավասարակշռությունը խախտել, ինչը նաև այս դեպքում է: Նա հայտարարեց, որ իրենց դաշինքը ևս դեմ է քվեարկելու:

ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի խոսքով՝ միջհամայնքային միավորների ինստիտուտը բացառիկ կարևոր է ՏԻՄ-երին վերապահված լիազորություններն իրականացնելու համար, իհարկե, սա փոփոխությունների, այսինքն՝ լրամշակման ենթակա է, և արդյունքում ընդդիմադիրների պահանջները հետագայում կարող են բավարարվել: