Եթե մի քանի գյուղի գոնե 10%-ին ծանոթանան, միանգամից գրիչը վայր կդնեն ու չեն մտածի գյուղատնտեսությունը հարկային դաշտ բերելու մասին. ֆերմեր

22:49 • 08.02.18

Առաջնահերթ մտածում ենք դիզվառելիքի թանկացման մասին, ինչի հետևանքով մեզ վրա շատ թանկ են նստելու գարնանացանի աշխատանքները. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ, ֆերմեր Գուրգեն Եղոյանը:

Նա Ախուրյանի տարածքում 26 հա կարտոֆիլի և 10 հա ցորենի ցանքատարածություններ ունի, որոնք արդեն դժվարությամբ է մշակում:

«Վառելիքը թանկ է, իսկ կարտոֆիլի վրա, ո՞վ է ասել, որ չի ազդում: Դուք պատկերացրեք այդ 26 հա-ի համար անցյալ տարի գնել եմ 5-6 հազար դրամով 210 լիտրը, այս տարի պիտի առնեմ 8800-ով: Մի հա-ի համար, եթե հաշվարկենք, ասենք ցանքի վրա միայն այսօր ծախսվելու է մոտ մի 160 լիտր սալյարկա, բա 20 հա-ի՞ն ինչքան կլինի, մեծ թիվ է կազմում»,-ասաց նա:

Այս տարվանից Եվրոպայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի համար հարկ են վճարելու, ինչը, նրա խոսքով, ենթադրում է լրացուցիչ ծախսեր: Խնդիր կա նաև պարարտանյութի հետ կապված:

«Հիմա տարբեր մարդիկ ուզում են բերել, բայց դեռ ոչ մի քանակություն տեղ չի հասել: Մեր խնդիրն է հիմա ճիշտ կողմնորոշվել՝ ումից վերցնել, որ և՛ որակը տեղը լինի, և՛ մատչելի լինի: Այսօր ֆինանսական խնդիրներ կան ֆերմերների մոտ, գյուղացիների մոտ, որոնք պարենային կարտոֆիլ են ցանում, գումարը չկա, որ սերմացու գնեն»,-ասաց նա:

Պարենային կարտոֆիլի գինը, ֆերմերի խոսքով, արդեն բավականին բարձրացել է: Իսկ նախորդ տարի բերքահավաքի ժամանակ՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին կարտոֆիլի մոտ 80 տոկոսը Գուրգեն Եղոյանը վաճառել է 90 դրամով, որ կարողանա վարկային պարտավորությունները մարել:  

«Կարտոֆիլի ինքնարժեքի թանկացում անպայման կլինի, հիմա արդեն թանկ է: Մեր մոտից, եթե նորմալ պարենային կարտոֆիլ կա, այս պահին 170-180 դրամով են տանում: Ես այն ժամանակ իմ արդյունքի 80 տոկոսը վաճառել եմ 90 դրամով, որ վարկեր փակեմ՝ 26 հազար դոլարի վարկ եմ փակել: Հիմա պետք էր վաճառել, հիմա էլ մնացած 20 տոկոսը մեզ չի կարող այն եկամուտը տալ, որ կարողանանք Հոլանդիայից նորից 40- 50 տոննա սերմացու բերենք, հիմա նորից վարկ եմ գրվել»,-ասաց ֆերմերը:

Նա նշեց, որ պետք է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները նվազեցվեն, իսկ պետության կողմից արտոնյալ վարկավորումից, ըստ նրա, ոչ բոլորն են կարողանում օգտվել:

«Վարկ գրվողները շատ են, բոլորին չի հասնում: Պետք է գրավի միջոց էլ կարողանաս ապահովես: Շատերն էլ, որ գյուղատնտեսությամբ չեն էլ զբաղվում, սողոսկում են այդ արանքը, ստանում են վարկեր, իսկ գյուղատնտեսությունը մնում է»,-ասաց նա:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ կապված խոշոր ֆերմաներ ունեցողների՝ հարկային դաշտ տեղափոխվելու հետ, Եղոյանը նշեց. «Ամեն տարի դա ասում են, քննարկում են, բայց եթե իրենք մի հատ գան, լավ ուսումնասիրեն, մի շաբաթ մնան տարածաշրջանում, գոնե մի քանի գյուղի մի 10 տոկոսի հետ ծանոթանան, միանգամից գրիչը վայր կդնեն ու չեն մտածի հարկային դաշտ բերելու մասին»,-ասաց նա:

Ֆերմերը նշեց նաև, որ օրինակ Ամասիայում ժամանակին եղած ցանքերը վերածվել են արոտների ու խոտհարքների, որոնք օգտագործման համար էլ պիտանի չեն:

«Մեր մարզի գյուղատնտեսության վարչությունն ի՞նչ է անում: Ընդամենը գյուղատնտեսության վարչության պետը պահեստապետ է, մի բան լինի ՝բաշխի, փոխարենը ծրագիր մտածի, թե այդ հողերը ինչպես բերի ցանքաշրջանառության մեջ, ոչ թե մտածի՝ պարարտանյութ լինի՝ բաժանեմ, ցորեն լինի՝ տամ: Սա չէ իրենց խնդիրը: Գյուղատնտեսության նախարարության խնդիրը ծրագրեր մշակելն է»,-ասաց ֆերմերը՝ավելացնելով, որ Գյուղնախարարության կողմից չնչին աշխատանք է կատարվում գյուղացիական տնտեսությունների համար: