ԱԺ-ն միաձայն վավերացրեց «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան, ընդունվեցին ևս մի շարք նախագծեր (ԱԺ նիստը՝ ուղիղ)

10:57 • 08.02.18

ԱԺ-ն իր հերթական քառօրյայի նիստերն այսօր մի շարք նախագծերի քվեարկությունից հետո ավարտեց:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: Նշենք, որ նախագծի հեղինակը ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն է:

«Ավտոմոբիլային տրանսպորտի և վարչական իրավունքի վերաբերյալ» օրենքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 11 դեմ և 25 ձեռնպահ ձայներով:

«Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու նախագիծը ևս ընդունվեց 99 կողմ ձայներով:

«Ելքի» հեղինակած «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում ու պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ևս ամբողջությամբ ընդունվեց։

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի և ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրինագծով առաջարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործարքների ԱԱՀ-ից ազատում և ուղևորափոխադրումների գծով հարկային բեռի վերանայում:

Փոփոխությամբ ուղևորափոխադրումներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կտրվի իրենց կամքով համարվել ԱԱՀ վճարող: Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 3 ձեռնպահ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Քվեարկությունից հետո խորհրդարանը մեկնարկեց կառավարության կողմից նախաձեռնված արտահերթ նիստը: