«Ռոստելեկոմ»-ը մտադիր է վաճառել Հայաստանում իր դուստր ընկերությունը
Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը կարող է վաճառել Հայաստանում իր բիզնեսը՝ GNC-Alfa ընկերությունը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Միխայիլ Օսեևսկին, հայտնում է interfax.ru-ն:
Նրա խոսքով՝ «միջպետական սիներգիան տեսանելի չէ»: «Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես առավել արդյունավետ օգտագործել այնտեղ աշխատանքը, հնարավոր է՝ այդ թվում նաև վաճառքի միջոցով»,- ասել է նա:
Հայաստանը ՌԴ-ի մերձավոր երկրներից առաջինն է, որտեղ «Ռոստելեկոմ»-ը սկսել է ծառայություններ տրամադրել մասնավոր հաճախորդներին: Ռուսական ընկերությունը ձեռք է բերել հայկական օպերատորից 75 տոկոս մինուս 1 բաժնետոմսերը 22,5 միլիոն դոլարով 2012 թվականի փետրվարին:
Ավելի վաղ ընկերությունը չի բացառել, որ կշարունակի օպերատորական ակտիվներ ձեռք բերել ԱՊՀ-ում, սակայն GNC-Alfa-ն այդպես էլ մնացել է «Ռոստելեկոմ»-ի միակ օտարերկրյա ակտիվը:










