Ուկրաինայի գլխավոր դատախազն ասել է՝ ինչ է սպասվում Սաակաշվիլիին, եթե նրան մերժեն ապաստան տրամադրելու հարցում
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ եթե Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին մերժեն Ուկրաինայում քաղաքական ապաստան տրամադրելու հարցում, նա իր կողմից ընտրված երկիր կամավոր կամ հարկադիր արտաքսման հնարավորություն կստանա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ միգրացիոն ծառայությունը մերժել է Սաակաշվիլիին լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակ տրամադրելու մասին դիմումը: Դատարանն այդ որոշումն օրինական է ճանաչել, Սաակաշվիլին բողոքարկում է ներկայացրել: Սակայն վերաքննիչ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը: Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտնել է, որ քաղաքական գործչի պաշտպանությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ուկրաինայի գերագույն դատարան:
«Եթե դատարանը ճանաչի, որ նա Ուկրաինայում քաղաքական ապաստանի իրավունք չունի, մի քանի հնարավորություն կառաջանա նրա համար: Առաջինը նրա կողմից ընտրված ցանկացած երկիր, օրինակ՝ Նիդեռլանդներ, որտեղ բնակվում է նրա ընտանիքը, կամավոր վերադարձն է»,- ասել է Լուցենկոն:
Գլխավոր դատախազի խոսքով՝ երկրորդ ճանապարհը նրա կողմից ընտրված երկրներից մեկը կամ երկիր, որտեղից նա հատել է ուկրաինական սահմանը, այսինքն՝ Լեհաստան կամավոր կամ հարկադիր արտաքսումն է, ինչպես նաև Վրաստանի գլխավոր դատախազության պահանջով՝ արտահանձնումը:










