Իսպանիայում 20 մարդուց կազմված խումբը ներխուժել է հիվանդանոց՝ այնտեղ պահվող նարկոդիլերին ազատելու համար

16:32 • 08.02.18

Իսպանիայի հարավում մոտ 20 մարդուց կազմված խումբը ներխուժել է հիվանդանոց՝ այնտեղ պահվող նարկոդիլերին ազատելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իսպանական ոստիկանության աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Կադիս նահանգի Լա Լինեա դե լա Կոնսեպսյոն քաղաքում, երբ ոստիկանությունը ձերբակալել է «Լաս Կաստանյիտաս» հայտնի կլանին պատկանող նարկոդիլերին: Ձերբակալության ժամանակ նա փորձել է փախչել իրավապահ մարմինների աշխատակիցներից և այդ ընթացքում վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով նրան տարել են հիվանդանոց:

Գործակալության տվյալների համաձայն՝ երեքշաբթի երեկոյան 20 մարդ ներխուժել է բուժհաստատություն, հարձակվել ոստիկանների վրա ու դուրս հանել ձերբակալվածին: Հարձակման հետևանքով տուժածներ չկան:

Նշվում է, որ միջադեպից մի քանի ժամ անց ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողներից մեկին: Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդոն ասել է, որ իրավապահ մարմինները դիտում են նկարահանող տեսախցիկների կադրերը՝ մյուս իրավախախտներին գտնելու համար: