«Ելքը» Արմեն Սարգսյանին զգուշացրել է՝ «նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել»

14:41 • 09.02.18

Բնականաբար նախագահի պաշտոնում իր տեսլականի շուրջ է եղել խոսակցությունը. ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հերթականությամբ ներկայացրեց իրենց կողմից բարձրացրած հարցերը:  

«Հարցրել ենք` ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը  հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետև տեղեկացրեց, որ հարցրել են, թե Սարգսյանն ինչպես է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել և նաև թե ինչպես է վերաբերում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ հստակ նախագահին էր վերաբերում, հիմա այն դե ֆակտո դառնում է վարչապետի լիազորությունը:

«Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, նաև Մարտի 1–ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել և նաև իր քաղաքացիության հարցը խնդրել պարզաբանել, որ մամուլում նշվում է»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը պատասխանել է հարցերին. «Մենք ընդունել ենք ի գիտություն, բայց կոռեկտ չեմ համարում, որ հայտարարեմ»,-ասաց նա:  

Հարցին, թե նախագահի թեկնածուն կիսո՞ւմ է իրենց դիտարկումը, որ սուպերվարչապետական երկիր է ստեղծվում, Փաշինյանը կրկնեց, թե կոռեկտ չի համարում Արմեն Սարգսյանի պատասխանները որևէ կերպ հրապարակելը:

Իսկ թե գո՞հ են հանդիպումից, ասաց, որ հանդիպման նպատակը չի եղել գոհ կամ դժգոհ լինելը: «Նրա պատասխաններն ի գիտություն ենք ընդունել, մեր քաղաքական մոտեցումները գիտեք և որևէ փոփոխություն չկա»:

Իսկ թե տեղեկացե՞լ են Սարգսյանը կհամաձայնի՞ առաջադրվել նախագահի թեկնածու, Փաշինյանը նշեց, որ այն շեշտադրումը, որ եղել է սկզբում, թե հանդիպումներից հետո կորոշի եղել է նաև հիմա:

Հարցին, թե Արմեն Սարգսյանը հայտնեց, որ պայմանավորվել են հետագայում ևս հանդիպումներ ունենալ, Փաշինյանը հաստատեց. «Մենք ասացինք, որ ինչպես այս հանդիպումը, որը ասել ենք, որ պատրաստ ենք քննարկումների, շփումների, էլի ենք ասում, որ  պատրաստ ենք»,-ասաց նա։

Հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանը մոտեցումներով տարբերվո՞ւմ է գործող իշխանության որդեգրած  քաղաքականությունից, «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն ինքը այդպիսով իշխանության թիմի մեջ է:«Իհարկե, սահմանադրական նոր գործառույթներով, և նրա վրա դրված է քաղաքական պարտավորություն`լինել չեզոք և անաչառ: Եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածու, ուրեմն համաձայն է ստանձնել այդ պարտավորությունները»,-ասաց նա:

Իսկ թե իր համար մտահոգիչ չե՞ն այն հրապարակումները, որ նա ՀՀ քաղաքացիության տարիները բավարար չեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այդ խնդիրը ստուգելի է, արդյոք նա ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, թե  չունի: «Եթե թեկնածու է առաջադրվում, ուրեմն պետք  է հոգ տանել և ստուգել այդ փաստը»,-ասաց նա: